10 հազ. դրամ տուգանք՝ դիմակ չունենալու համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով սահմանվում է 10 հազ. դրամ տուգանք՝ հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու համար:
Առաջարկը ներկայացրել էր կառավարությունը։
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը հայտնել է, որ համաձայն նախկին գործող օրենքի տվյալ պահին սահմանված է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով տուգանք, իսկ փոփոխությամբ առաջարկվել է տուգանքի չափը նվազեցնել՝ հասցնելով 10 հազար դրամի՝ նվազագույն աշխատավարաձի 10-ապատիկի չափով:
Փոխնախարարը նշել է, որ տվյալ դեպքում փոփոխությունները տարածվում են պարետի կողմից սահմանված ազատ տեղաշարժման պայման-պահանջի խախտման համար, խոսքը վերաբերում է դիմակ չկրելու դեպքերին:
«Արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պահանջները պայմանները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով»,- նշել է Դանիելյանը օրինագիծը ներկայացնելիս:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին այն մասին, թե ինչու այդ դեպքում փոփոխություններում հստակ չի նշվում, որ կրճատվում է տուգանքը՝ դիմակ չկրելու համար, Դանիելյանը պատասխանել է, որ դա պայմանավորված է նրանով, որ, հնարավոր է, ժամանակի հետ սահմանափակումների նկատմամբ պահանջները փոփոխվեն: Նման ձևակերպումները ազատում են ամեն անգամ օրենքում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունից:
Արդարադատության փոխնախարարը պարզաբանել է, որ բաց տարածքում կա դիմակի առկայության, ոչ թե կրելու պահանջ։
«Մայիսի 14-ին փոխվարչապետի որոշմամբ սահմանվել է բաց տարածքներում դիմակի առկայության պարտադիրություն, հետևաբար սա վերաբերում է կոնկրետ այդ պահանջին: Սա (օրինագիծը) վերաբերում է միայն բաց տարածքներում դիմակի առկայությունը չպահպանելուն, ինչ վերաբերում է փակ տարածքներին, ապա տնտեսվարող սուբյեկտներն են պատասխանատու»,- մանրամասնել է Դանիելյանը:
Նա ընդգծել է, որ փակ տարածքները տնտեսվարող սւոբյետկների հոգածության պարագա են, և պետք է քաղաքացիների մուտքը թույլ տրվի դիմակի առկայության դեպքում միայն:
Օրենսդրական նախաձեռնության օգտին քվեարկել է 92 պատգամավոր, 1-ը ձեռնպահ է մնացել: «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանականները կրկին բոյկոտել են Ազգային ժողովի նիստը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ից տրանսպորտի աշխատանքի վերագործարկման հետ համատեղ, պարետատան որոշմամբ նախատեսվել է դիմակների պարտադիր կրումը տրանսպորտում, իսկ մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլև հանրային բաց վայրերում դիմակների կրումը:-0-