Հայտնի է, թե ով կգլխավորի «Դաշնակցության» նախընտրական ցուցակը

15.02.2017, 16:02
«Դաշնակցությունը» չորեքշաբթի հրապարակել է ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը:
Հայտնի է, թե ով կգլխավորի «Դաշնակցության» նախընտրական ցուցակը
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Դաշնակցությունը» չորեքշաբթի հրապարակել է ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը:

«Դաշնակցության» նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, երկրորդ տեղում է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, երրորդը` Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Ինչպես չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Դաշնակցություն» խմբակցության քարտուղարը, ցուցակի առաջին տասնյակում են նար բուհի դասախոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Բաբայանը, Միքայել Մանուկյանը, ինչպես նաև նախկին խորհրդարանականներ Ռուզան Առաքելյանը և Սպարտակ Սեյրանյանը:

«Ընդհանուր առմամբ, Դաշնակցությունը ներկայացրել է 170 թեկնածու, որոնցից 150-ը կներկայանա տարածքային (վարկանիշային ) ցուցակով: Մենք ամենուր համերաշխ թիմ ունենք, որոնց առջև դրված է նպատակ` ապահովել «Դաշնակցության» համար ձայների առավելագույն քանակ», - ասաց Վարդանյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին ավելացրեց, որ կուսակցությունը առանձնահատուկ նշանակություն է տալիս առաջիկա ընտրություններին:

«Արդեն որերորդ տարին է մենք բարեփոխումների ծրագիր ենք իրականացնում, և այս ընտրությունները նոր սահմանագիծ կդառնան մեր ռազմավարության մեջ: Ընտրությունները կդառնան այն ազդակը, որը մեզ թույլ կտա ավարտին հասցնել սկսված գործընթացը, այդ իսկ պատճառով ընտրություններին մեր կարգախոսն է` «Նոր սկիզբ` արդար Հայաստան», - հայտարարեց Ռուստամյանը: -0-