Հայ մասնագետների խումբը մեկնել է Սիրիա` հումանիտար գործունեություն ծավալելու նպատակով

08.02.2019, 15:10
Հայ մասնագետները Հալեպի` բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման աշխատանքներ։
Հայ մասնագետների խումբը մեկնել է Սիրիա` հումանիտար գործունեություն ծավալելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով ուրբաթ Սիրիայի Հանրապետություն է մեկնել հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, գրել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում։ Նրա հաղորդմամբ, խումբը բաղկացած է 83 անձից։

«Հայ մասնագետները Հալեպի` բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն»,– նշվում է Հովհաննիսյանի հրապարակման մեջ։

Սիրիայի ժողովրդին Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:

Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Հովհաննիսյանը նշել է նաև, որ Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ:

Սիրիայի տարածքում հակամարտությունը սկսվել է 2011 թվականի գարնանը որպես լոկալ քաղաքացիական դիմակայություն և աստիճանաբար վերաճել է Բաշար Ասադի ռեժիմի դեմ ապստամբության, որում ժամանակի ընթացքում ներգրավվել են ոչ միայն տարածաշրջանի հիմնական պետությունները, այլ նաև միջազգային կազմակերպությունները, ռազմաքաղաքական խմբավորումները և համաշխարհային գերտերությունները։ -0-