Հալյուցինացիա առաջացնող սունկը՝ դատավարության պատճառ․ Նիկոլ Փաշինյանը դատի կտա Սամվել Կարապետյանին
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատի կտա «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին վերջինիս՝ հալյուցինացիա առաջացնող սնկերի մասին արտահայտության համար։
Այսօր Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ և ԱԺ ամբիոն բարձրանալուց առաջ «անպայման օգտագործում է հալյուցինացիա առաջացնող սնկեր, և ինչ երազ տեսնում է, երազում է, կարող է ամբիոնից «դուրս տալ»»։
«Ուզում եմ գաղտնիք բացել, որ շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին։ Վարչապետն անցյալ տարի, երբ գնացել էր Չինաստան, այնտեղ կան հատուկ սնկերի ռեստորաններ , որոնք մարդկանց մոտ հալյուցինացիա են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր և իմ ինֆորմացիայով՝ մոտավորապես 1 տոննա հետը առել-բերել է Հայաստան», - նշել է Կարապետյանն ասուլիսի ժամանակ։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Telegram-յան իր էջում անդրադարձել է այս հայտարարությանը և հայտնել, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին։
«Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։ Բնականաբար դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ «կերցնելու»», - նշել է Փաշինյանը։

