Գագիկ Խաչատրյանի փաստաբանները հրատապ միջոց կիրառելու դիմում են ներկայացրել ՄԻԵԴ
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանները հրատապ միջոց կիրառելու դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Ղազարյանը։
Խաչատրյանի փաստաբանական թիմը նախօրեին տեսանյութ է տարածել, որում ԱԱԾ աշխատակիցները նրան պատգարակով դուրս են բերում հիվանդասենյակից։ Այնուհետև մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են դատական նիստերի դահլիճից տեսանյութ, որտեղ երևում է, որ 71-ամյա Խաչատրյանը պառկած է բժշկական սայլակի վրա՝ միացված բժշկական սարքերով: Հրապարակումները լայն արձագանք են գտել համացանցում։
Պաշտպանությունը նաև հայտնել է, որ Խաչատրյանի մոտ դեռևս 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ, և որ բժիշկների ու դատաբժշկական փորձագետների եզրակացությունների համաձայն՝ նրան անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատական միջամտություն։ Նաև նշվում է, որ ՄԻԵԴ-ում նախկինում ևս հայցեր են ուղարկվել Խաչատրյանի վերաբերյալ։
«Մենք պահանջել ենք առաջին հերթին ազատել կալանքից, դադարեցնել այդ արատավոր պրակտիկան՝ Գագիկ Խաչատրյանին տանել քննչական, քննչականից հիվանդանոց, հիվանդանոցից տուն, տնից դատարան։ Արդեն մի քանի տարի է՝ սա շարունակվում է», - ասաց Ղազարյանն ասուլիսի ժամանակ։
Նա նշեց. որ Խաչատրյանը 66% ֆունկցիոնալության կորուստ ունի և իր ֆունկցիոնալության 2/3-ը կորցրել է։
Փատաբանի խոսքով` երրորդ պահանջը վերաբերում է բացակայության արգելքը վերացնելուն, որպեսզի թույլ տան նրան մեկնել Գերմանիա` բուժելու տեղադրված իմպլանտը, որ սեղմում է նրա իրանը և ցավեր պատճառում։
Գագիկ Խաչատրյանի քրեական գործի մասին
2026 թվականի սեպտեմբերի 2-ին դատարանը Գագիկ Խաչատրյանին կալանավորեց երկու ամսով։ Մեկ օր առաջ նրա նկատմամբ նախաձեռնվել էր նոր հանրային քրեական հետապնդում, իսկ նախկինում սկսված քրեական գործը՝ փոփոխվել և լրացվել։
Քննությունը վարվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ փաստերով։ Ըստ մեղադրանքի՝ դրվագներից մեկը վերաբերում է 2008–2010 թվականներին առևտրային ընկերությունների ղեկավարից Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։ Եվս մեկ դրվագ կապված է առանձնապես խոշոր չափերով գումարների ենթադրյալ լվացման հետ։
Գագիկ Խաչատրյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն գլխավորել է 2008–2014 թվականներին, իսկ 2014–2016 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը։

