Երթևեկի փոփոխություններ՝ «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ փակ կլինի Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթ փողոց ուղեանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն նաև տրանսպորտային հանգույցի մաս կազմող շրջանաձև երթևեկության խաչմերուկում, մասնավորապես`
- Կոմիտասի պողոտայով և Դավիթ Անհաղթ փողոցով խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն գլխավոր ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել ուղիղ կամ աջ ուղղություններով,
- Ազատության պողոտայից խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն երկրորդական ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել միայն աջ ուղղությամբ,
- Կոմիտասի պողոտայով դեպի Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցների խաչմերուկ երթևեկող և Դավիթ Անհաղթի փողոցով դեպի Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար կկազմակերպեն հետադարձի տեղեր:

