«Իսկ որտե՞ղ է պայմանագիրը: Ոչինչ չկա»․ Պուտինը պարզաբանել է, թե ինչու ՀԱՊԿ–ը չէր կարող որոշել Հայաստանի սահմանի հատվածները

02.09.2026, 18:23
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է, թե ինչու ՀԱՊԿ-ը չէր կարող որոշել Հայաստանի սահմանի հատվածները
«Իսկ որտե՞ղ է պայմանագիրը: Ոչինչ չկա»․ Պուտինը պարզաբանել է, թե ինչու ՀԱՊԿ–ը չէր կարող որոշել Հայաստանի սահմանի հատվածները

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է, թե ինչու ՀԱՊԿ-ը չէր կարող որոշել Հայաստանի սահմանի հատվածները (2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գործողությունների պատճառով իրավիճակի սրման ժամանակ - խմբ.):

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այստեղ նույնպես իր պատմությունն է: Նիկոլ Վովաևիչն ահա ասում է՝ պետք չէ դա հիշել: Այն էլ ինչպես հիշել: Նա կարծում էր, որ ՀԱՊԿ-ը պետք է այնտեղ սահմանի որոշակի տեղամասեր պաշտպաներ, իսկ ՀԱՊԿ բոլոր անդամներն ասում են՝ ոչ»,- հայտարարել է Պուտինը Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում:

ՌԴ նախագահի խոսքով՝ հարցը հայ-ադրբեջանական սահմանի համաձայնեցված սահմանազատման բացակայության մեջ էր:

«Սահմանի սահմանազատում չկա չէ՞: Սահմանի վերաբերյալ ոչ մի պայմանագիր չկա, չի եղել և հիմա էլ չկա: Ադրբեջանը կարծում է, որ սահմանն անցնում է ահա այս հատվածով, իսկ Հայաստանը կարծում է, որ ահա այս: Իսկ որտե՞ղ է պայմանագիրը: Ոչինչ չկա»,- ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ այս ոլորտում մնում են բազմաթիվ հարցեր, որոնք փորձագիտական գնահատական են պահանջում, և հայտնել է, որ ակնկալում է դրանք քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում:

Հայաստան – ՀԱՊԿ հարաբերությունների մասին

2024 թվականին Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես պատճառ նշեց kազմակերպության կողմից անվտանգության ոլորտում Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունների չկատարումը:

ՀՀ ԱԳՆ-ն նույնպես հայտարարել էր, որ Երևանը ձեռնպահ է մնում 2024 թվականի կազմակերպության բյուջեի շրջանակում ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

Երևանում ավելի վաղ նշում էին, որ ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կարող է ընդունվել 2022 թվականին Ադրբեջանի կողմից զավթված Հայաստանի ինքնիշխան տարածքների (շուրջ 200 քառ. կմ) շուրջ ստեղծված իրավիճակին կազմակերպության երկրների քաղաքական արձագանքի բացակայության դեպքում:

ՀԱՊԿ-ում հայտարարում են, որ շարունակում են Երևանին տեղեկացնել ընդունվող որոշումների մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը մնում է կազմակերպության մասնակից, աջակցում է նրա որոշումներին, սակայն չի մասնակցում նիստերին: