Դիմակ չկրելու տուգանքները բարձրանալո՞ւ են, թե՝ ոչ. ԱԺ պատգամավորը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

08.07.2020, 14:36
Դիմակ չկրելու համար նախատեսվող տուգանքները բարձրանալո՞ւ են, թե՝ ոչ. ԱԺ պատգամավորը պարզաբանում է. ՎԻԴԵՈ
Դիմակ չկրելու տուգանքները բարձրանալո՞ւ են, թե՝ ոչ. ԱԺ պատգամավորը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 8-ին ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին՝ դիմակ չկրելու համար նախատեսվող տուգանքի բարձրացման վերաբերյալ:

Загружается новость ... "Лево"

«Մեր հայրենակիցներին հետաքրքրում է՝ նախագիծն ընդհանրապես չի՞ վերադառնալու ԱԺ, թե՝ որոշակի փոփոխություններ ենթարկվելուց հետո այն նորից վերադառնալու է և ունենալու ենք տուգանքների, այդուհանդերձ, ավելացված չափ»,- նշել է Զոհրաբյանը:

«Նախագիծն այս պահին շրջանառությունից ընդհանրապես հանված է: Իսկ կգա թե չի գա, ոչ ես, ոչ դուք, ոչ էլ որևէ մեկը չի կարող սահմանափակել պատգամավորի որևէ սահմանադրական իրավունք ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն, հետևաբար ես չեմ կարող բացառել, այդ թվում, որ ձեր խմբակցությունից որևէ մեկը վաղը կառաջարկի դիմակների տուգանքը սարքել 150 հազ. դրամ: Այս պահին, համենայն դեպս, չկա»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին  հայտնի է դարձել, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագիծ, որով նախատեսվում է բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը դարձնել 20000 դրամ, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար՝ 50000 դրամ: Սակայն հաջորդ օրը նախագիծը հանվել է շրջանառությունից: 

ՀՀ-ում պարտադիր դիմակային ռեժիմը սահմանվել է մայիսի 25-ից, իսկ հունիսի 4-ից դիմակների կրումը պարտադիր է դարձել ամենուր: Դիմակ չկրելու համար նախատեսվող տուգանքը կազմում է 10 հազ. դրամ:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որը հայտարարման օրից երկարաձգվել է երեք անգամ: Այդպիսով, հունիսի 12-ի կառավարության որոշման համաձայն Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 13-ը, ժամը 17:00-ն:  -0-