Շրջանառությունից հանվել է դիմակ չկրելու համար տուգանքները բարձրացնելու մասին վիճահարույց նախագիծը. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այս պահի դրությամբ շրջանառությունից հանվել է ԱԺ-ում իշխանական ֆրակցիայի կողմից շրջանառության մեջ դրված խիստ վիճահարույց նախագիծը, որը վերաբերում էր դիմակ չկրելու համար նախատեսվող տուգանքի բարձրացմանը: Այս մասին Facebook-յան էջում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագիծ, որով նախատեսվում է բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը դարձնել 20000 դրամ, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար՝ 50000 դրամ:
Հուսանք՝ սթափ մարդկանց կոչը տեղ է հասել, և նախագիծը այլևս չի վերադառնա օրակարգ:
Չենք մոռանում՝ քաղաքացին տուգանքի մատերյալ չէ:
Պատգամավորը հույս է հայտնել, որ սթափ մարդկանց կոչը տեղ է հասել, և նախագիծը այլևս չի վերադառնա օրակարգ:
«Չենք մոռանում՝ քաղաքացին տուգանքի մատերյալ չէ»,- գրել է Իսայանը:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որը հայտարարման օրից երկարաձգվել է երեք անգամ: Այդպիսով, հունիսի 12-ի կառավարության որոշման համաձայն Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 13-ը, ժամը 17:00-ն:
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով: -0-

