ԲԿ-ն նոր տեղեկություններ է հայտնել 4-ամյա երեխայի մասին, ում մոտ արձանագրվել էր Կավասակիի սինդրոմ (ՖՈՏՈ)

06.06.2020, 09:57
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն նոր տեղեկություններ է հայտնել 4-ամյա երեխայի մասին, ում մոտ արձանագրվել էր Կավասակիի սինդրոմ. ՖՈՏՈ
ԲԿ-ն նոր տեղեկություններ է հայտնել 4-ամյա երեխայի մասին, ում մոտ արձանագրվել էր Կավասակիի սինդրոմ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Նոր տեղեկություններ են հայտնի դարձել ՀՀ-ում Կավասակիի սինդրոմով վարակված 4-ամյա երեխայի մասին, որն այս սինդրոմով վարակման առաջին դեպքն էր Հայաստանում: Այս մասին նշվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Facebook-յան էջում:

Օրերս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել չորս տարեկան տղա երեխա, որի մոտ հայտնաբերվել էր COVID-19, երեխան չուներ արտահայտված ախտանիշներ։ 4-օրյա բուժումից հետո երեխան COVID-19 թեստի կրկնակի բացասական արդյունքից հետո դուրս է գրվել հիվանդանոցից ու գնացել տուն։ Չորս օր հետո երեխայի ջերմությունը բարձրացել է և նա կրկին ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծանր վիճակում։ Երեխայի մոտ ախտորոշվել է Կավասակի սինդրոմ (առաջին դեպքը):

ԲԿ-ից հայտնում են, որ երեք օր անց երեխայի մոտ ի հայտ են եկել պարանոցային մկանների արտահայտված կարկամություն, զարգացած ներբանների, ափերի, դեմքի, որովայնի էրիտեմատոզ ցանավորում, այտուցներ վերջույթներին ու դեմքին, ինչպես նաև հավաքվել էր հեղուկ որովայնի խոռոչում: Ութ օրվա ընթացքում երեխայի մոտ գրանցվել է բարձր տենդ։

«Թագավարակի հետազոտության բացասական արդյունք ստանալուց հետո՝ երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Այդ ընթացքում կլինիկական պատկերին ավելացել են նաև նոպայաձև ցավեր որովայնի հատվածում, ձութանման կղանք: Հայտնաբերվել է տասներկումատնյա աղու խոց»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ստացած բուժման ֆոնին երեխայի վիճակը զգալիորեն բարելավվել է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխայի մոտ հիվանդության ընթացքում դրսևորվել են մի քանի օրգան-համակարգերի ախտահարում, առկա են եղել արտահայտված լաբորատոր բորբոքային ցուցանիշներ և նախորդող COVID-19 վարակ՝ նրա մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ։ Ախտորոշումը տեղի է ունեցել համաձայն ԱՀԿ կողմից առաջարկված չափանիշների։ Հիվանդությունը ախտորոշելուց հետո երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից տեղափոխվել է «Արաբկիր-ԵԴԱԻ» ԲՀ՝ հետագա բուժումը շարունակելու համար։

ԲԿ-ից հիշեցնում են, որ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի մի շարք երկրներում հաղորդվել է հարյուրավոր երեխաների մոտ ծանր ընթացքով մի հիվանդության մասին, որը կապված է COVID-19 վարակի հետ:

ԲԿ-ից հայտնել են այս տեսակ հիվանդության ախտանշանները:

«Հիվանդության նշաններն են՝ տենդը, մաշկի ցանը, այտուցները, արյունոտ աչքերը, սրտամկանի դիսֆունկցիան, որովայնի ցավը, փորլուծությունը, և այլն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմի հայտնաբերման մասինհաղորդվել էր հունիսի 3-ին:

Հայաստանում հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, որոնցից 3513-ն` առողջացած, 183-ը` մահվան ելքով:-0-