ՀՀ-ում 4 տարեկան երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել

03.06.2020, 10:13
ՀՀ-ում 4 տարեկան երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
ՀՀ-ում 4 տարեկան երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին Facebook-յան իր էջոմ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Загружается новость ... "Право"
Նրա խոսքով՝ վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չի, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ:

«Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք: Հուսամ փոքրիկը արագ կապաքինվի, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության»,- գրել է Թորոսյանը։ 

Մյուս բոլորին, թե՛ մեծահասակներին, թե՛ փոքրերին նախարարը կոչ է արել խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, այս ընթացքում տուրք չտալ միմյանց հետ սերտ շփվելու գայթակղությանը, միշտ կրել դիմակ, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը: 

«Անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ոչ կենսական շփումները միմյանց հետ` վարակի փոխանցման շղթաները կոտրելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-