Առողջապահության փոխնախարարը մեկնաբանել է ԵՊԲՀ-ի հիվանդանոցում դատարկ covid-բաժանմունքի լուրերը
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը մեկնաբանել է նախօրեին արված հրապարակաումները ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի covid-բաժանմունքի վերաբերյալ, որը մարտ ամսից դատարկ է եղել:
Հիշեցնենք, որ նախօրեին երգահան Վահան Արծրունին իր Facebook-յան էջում գրառում է կատարել, ըստ որի մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում կա հատուկ covid-բաժանմունք, որը դատարկ է եղել մինչ օրս և չի գործածվել:
«Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից»,- նշել է Արծրունին:
Նրա գրառմանն արձագանքել է ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը՝ ԵՊԲՀ ներկայացուցիչներին մեղադրելով ոտք գցելու (подножка) մեջ ԱՆ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:
Նիկողոսյանը պետական հիմնադրամի կողմից նման գործելաոճն անընդունելի է որակել՝ հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում։
Այսօր սկանդալային միջադեպին անդրադարձել է նաև Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը՝ ներկայացնելով «իրականությունը երեկվա հրապարակման հետ կապված»:
«Մարտի վերջին իմ ստորագրությամբ շրջանառվել է մի գրություն որով առաջարկվել է բոլոր բժշկական հաստատություններին առանձնացնել տարածքներ (մեկուսարաններ) COVID-19 պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Միևնույն ժամանակ ֆեյսբուքյան լուսանկարներում հրապարակվում է ԵՊԲՀ-ի մի տարածք, որը ըստ հրապարակման, նախկին ճաշարանն է, վերապրոֆիլավորված մեկուսարանի` կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիների համար»,- նշել է նա:
Սմբատյանը մասնավորապես հայտնել է, որ ապրիլի առաջին օրերից սկսած` առողջապահության նախարարության բժշկական տրիաժի մասնագետները գրեթե ամենօրյա պարբերականությամբ ստացել են COVID-19 հաստատված պացիենտների տեղափոխման հայտեր ԵՊԲՀ մեկուսարանից դեպի այլ հիվանդանոցներ: Ստացվել է, որ մեկուսարանը գործել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված և նմուշառման պատասխանին սպասող անձանց համար:
Նրա խոսքով, իր համար անցած շաբաթ համալսարանի պաշտոնատար անձանց հետ խոսելու ժամանակ նոր պարզ է դարձել, որ ԵՊԲՀ-ն ունի երկու տարածք՝ հատկացված կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:
«Այնուհետև, անցած շաբաթվա վերջին համալսարանի պաշտոնատար անձանց հետ խոսելու ժամանակ, ինձ համար նոր պարզ է դարձել, որ փաստացի ԵՊԲՀ-ն ունի երկու տարածք` մեկը այն մեկուսարանը, որտեղից հոսպիտալացված COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են երկու ամիս շարունակ և դրանից ԶԱՏ ևս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռևս մարտին»,- նշել է նա:
Նա հայտնել է, որ տվյալ տեղեկատվությունը իմանալուն պես իրենց կողմից անմիջապես առաջարկվել է գործարկել երկու տարածքը հետևյալ սկզբունքով` 10 հոգու համար նախատեսված մեկուսարանը, որտեղից երկու ամիս է տեղափոխվում են հաստատված պացիենտները` օգտագործել կորոնավիրուսի հիվանդության կասկածով պացիենտների հոսպիտալացման համար, իսկ 10 հոգու համար նախատեսված վերապրոֆիլավորված նախկին ճաշարանը համալրել համապատասխան անձնակազմով և իրականացնել COVID-19 հաստատված պացիենտների հոսպիտալացում և բուժում
«Այսպիսով լեգիտիմ հարց է առաջանում, գուցե ԵՊԲՀ-ում ծավալվում է կամ ծավալված է ևս մեկ` 3 րդ համալրված տարածք` օրինակ չօգտագործվող լսարանում:
Ինչևէ, կոչ եմ անում տարատեսակ ֆեյսբուքյան գրառումների փոխարեն, ժամանակը ծախսել միայն մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների վրա` կատարելով ՀՀ կառավարության և լիազոր մարմնի բոլոր ցուցումները»,- նշել է նա: -0-

