Վարդենիս համայնքում կորոնավիրուսի բռնկման նոր օջախ է. մարզպետ

21.04.2020, 17:57
Վարդենիս համայնքում կորոնավիրուսի բռնկման նոր օջախ է, կա 39–ի հաստատված դեպք
Վարդենիս համայնքում կորոնավիրուսի բռնկման նոր օջախ է. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան Facebook–յան իր էջում տեղեկացրել է, որ վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցվել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ՝ այս պահի դրությամբ կա 39–ի հաստատված դեպք։ 

Դրանով է բացատրվում է արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, որով հանձնարարվել է սահմանափակել անձանց և տրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը համայնքում։ 

«Հավելեմ նաև, մարզում նոր կորոնավիրուս հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 17–ին «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ–ի աշխատակցի մոտ, այդ օրվանից չի գործում բուժհաստատությունը։ Այսօրվանից սահմանափակվում է նաև «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ–ի աշխատանքները։ Գործում է միայն շտապ օգնության ծառայությունը և հրատապ, անհետաձգելի բուժսպասարկում իրականացվում։ Հիվանդանոցի 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս հիվանդության թեստի դրական արդյուքն է գրանցվել», – նշել է մարզպետը։ 

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը մեկուսացված։

Սանոսյանը կոչ է արել մնացալ տանը, սահմանափակել շփումները, հետևել անձնական հիգիենային, հաճախակի լվանալ ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո, հնարավորության սահմաններում նվազեցնել հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը, շփումների դեպքում պահպանել առնվազն 1 մետր հեռավորություն, գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին, պարբերաբար կատարել ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին, խուճապի չմատնվել և հետևել բժշկի խորհուրդներին:

«Իմ խնդրանք-հորդորն է ձեզ, այս օրերին հատկապես, հետևել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել ապատեղեկատվություն պարունակող կայքերի հրապարակումներին, զերծ մնալ չփաստարկված հայտարարություններ և բամբասանքներ տարածելուց։ Խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։ Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության և առողջության», – նշել է նա։ 

Գեղարքունիքի մարզպետը կոչ է արել նաև չթիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը և խնդրել է դադարեցնել Վարդենիսում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ վերաբերյալ քննարկումները։–0–