Ռիսկեր և սահմանափակումներ. ինչպե՞ս են աշխատելու Երևանի մանկապարտեզներն արտակարգ դրության ռեժիմում
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մանկապարտեզների գործունեությունը, պարետատան որոշմամբ, կրկին թույլատրվելու է արտակարգ դրության երկարաձգված ռեժիմի պայմաններում։
Մանկապարտեզների աշխատակիցները ստիպված կլինեն պահպանել մի շարք կանխարգելիչ միջոցառումներ։
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, մանկապարտեզների և զարգացման կենտրոնների ղեկավարները, ինչպես նաև բժիշկ–վարակաբանը պատմել են, թե ինչպես պետք է կազմակերպի նախադպրոցական հաստատությունների աշխատանքը և ինչ միջոցառումներ են ձեռնարկվելու կորոնավիրուսի հայտնաբերման դեպքում։
Աշխատանքի առանձնահատկություններն արտակարգ դրության ռեժիմում
Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը վստահ է, որ նման հաստատություններում բավականին դժվար է պահպանել սոցիալական հեռավորություն։
Որպես կանխարգելիչ միջոցառում նա առաջարկեց օգտագործել մեկ դռան սկզբունքը, որպեսզի երեխաներին մանկապարտեզ բերող մեծահասակները մտնեն և դուրս գան բացառապես մեկ դռնից։ Նրա խոսքով, այդպես ավելի հեշտ կլինի վերահսկել աշխատանքային գործընթացը։
Խանգելդյանի կարծիքով, մանկապարտեզները պետք է անցնեն կարճացված աշխատանքային օրվա, որպեսզի ծնողները հնարավորության դեպքում կարողանան երեխային վերցնել սահմանված ժամանակից շուտ։
Նա նաև կարծում է, որ երեխային միշտ պետք է մանկապարտեզ բերի ծնողներից մեկը կամ գոնե ընտանիքի երկու անդամ։
«Պարտադիր չէ, որպեսզի մանկապարտեզներն աշխատեն ամեն օր, կարելի է, օրինակ, օրը մեջ, եթե ծնողներին հարմար է նման գրաֆիկը կամ եթե հնարավորություն կա, կարող են երեխային ընդհանրապես չբերել մանկապարտեզ», – նշեց նա։
Հաստատությունների ռիսկերը
«Arpi’s place» զարգացման կենտրոնի հիմնադիր Արփինե Հակոբյան–Մինասյանն իր հերթին նշեց, որ ծնողները դեռ ռիսկի չեն դիմում և երեխաներին չեն բերում նախադպրոցական հաստատություններ,ինչը կարող է սպառնալիքի տակ դնել նման հաստատությունների գործունեությունը։
Նա նշեց, որ մասնավոր մանկապարտեզների աշխատանքը կապված կլինի ռիսկերի և ծախսերի հետ հաստատությունների կողմից։ Այսպես, նրանք ստիպված կլինեն ավելացնել ծախսերը` ձեռք բերելով անհրաժեշտ ախտահանիչ միջոցներ` պատշաճ աշխատանք ապահովելու համար։
Նրա խոսքով, ռիսկերը նաև կապված են այն բանի հետ, որ աշխատակիցները պետք է աշխատավայր հասնեն հասարակական տրանսպորտով, իսկ ամեն օր հնարավոր չէ երթևեկել տաքսիով։
«Ինդիգո» զարգացման և խնամքի կենտրոնի հիմնադիր Իրինա Փահլևանյանը նշեց, որ որոշ մասնավոր մանկապարտեզներ պատրաստվում են կրճատել երեխաների քանակը խմբերում` մինչև 5–6 երեխա, որպեսզի կարողանան պատշաճ կերպով կազմակերպել սնունդն ու ապահովել սոցիալական հեռավորություն։
Նրա խոսքով, խաղերն և ուսուցողական գործընթացը կազմակերպվելու է հիմնականում մաքուր օդում։
Մեկուսացում
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հասմիկ Ղազինյանը նշեց, որ կորոնավիրուսի կանխարգելման և դրանից պաշտպանվելու հարցում չի հաջողվի հույսը դնել մարդկանց ինքնագիտակցության վրա, քանի որ նրանցից ոմանք կասկածում են, որ վիրուսը գոյություն ունի։
Նա առաջարկեց մանկապարտեզներում, օրինակ` մուտքի մոտ, տեղադրել տեսախցիկներ անվտանգության կանոնների խախտումները վերահսկելու համար։
Ղազինյանը նշեց, որ եթե հաստատությունում երեխաների կամ աշխատակիցների մոտ կորոնավիրուսի առկայության կասկած լինի, ապա կիրականացվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները։
«Մենք ձգտում ենք դադարեցնել վիրուսի տարածումը։ Այդ օրը հաստատությունում ներկա գտնվող բոլոր աշխատակիցներն ու երեխաները (եթե հաստատվի վարակի փաստը) կմեկուսացվեն և կթեստավորվեն», – հայտարարեց նա։
Ախտահանում և նոր երեխաների ընդունելության արգելք
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանն իր հերթին նշեց, որ պարետատան կողմից սահմանված աշխատանքի պայմաններից բացի, արգելվում է նաև մանկապարտեզ ընդունել նոր երեխաների, որոնք գտնվում են ընդունելության ցուցակներում։
Նրա խոսքով, ծնողները պետք է երեխաներին բերեն մանկապարտեզ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և չթաքցնեն իրենց շփման շրջանակը կորոնավիրուսի դեպքերի առկայության պարագայում։
Նա նշեց, որ բացումից առաջ մանկապարտեզներում իրականացվելու են համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ։
«Մանկապարտեզներում երեք օրվա ընթացքում իրականացվելու են մաքրման և ախտահանման աշխատանքներ։ Այս պահին քննարկվում է, թե ինչպես պետք է արդյունավետ իրականացնել դա և հետագա աշխատանքը», – ասաց նա։
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Հայաստանում մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով:–0–

