Խնջույք համավարակի պայմաններում, ԳՇ պետի որդու հարսանիքը սկանդալ է առաջացրել

08.06.2020, 12:23
Խնջույք համավարակի պայմաններում, ԳՇ պետի որդու հարսանիքը սկանդալ է առաջացրել
Խնջույք համավարակի պայմաններում, ԳՇ պետի որդու հարսանիքը սկանդալ է առաջացրել

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին սոցցանցերի հայկական տիրույթում իրարանցում էին առաջացրել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի մասին լուրերը։

Ինչպես նախօրեին հաղորդել էր hraparak.am–ը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը որոշել է արտակարգ դրության պայմաններում կազմակերպել որդու հարսանիքը։ Նորապսակները եղել են Գայանե Եկեղեցում՝ գրանցել են իրենց ամուսնությունը, այնուհետև խնջույք է կազմակերպվել առանձնատանը, որին,  ԶԼՄ–ի տեղեկություններով, ներկա է եղել 100-ից ավելի հյուր։ 

Նշենք, որ Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ ՀՀ փոխվարչապետ, պարետատան պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, երկրում արգելված են բազմամարդ հավաքույթները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ գործարկել է յուրահատուկ ֆլեշմոբ, որի շրջանակում կոչ է անում քաղաքացիներին լուսանկարել և իրեն ուղարկել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը։

Загружается новость ... "Лево"

Ավելի ուշ Factor.am–ը հայտնեց, որ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեղեկություններից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի առանձնատուն, որտեղ անցկացվում էր հարսանիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պարետին գնալ և դադարեցնել միջոցառումը: 

Սակայն, aysor.am–ը, հղում անելով Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանին տեղեկացրեց, որ լուրերը, թե երեկ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առանձնատուն, իրականությանը չեն համապատասխանում։

Ստեղծված իրավիճակին անդրադարձել է հենց Արտակ Դավթյանը, որի պարզաբանումը հրապարակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ Վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանի Facebook–յան էջում։

«Բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք», – նշված է Ասատրյանի Facebook–յան էջում։–0–