ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը մինչև շաբաթվա վերջ կունենա կորոնավիրուսի ախտորոշման 5 հազար թեստ, ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը երեքշաբթի Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։
ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով նախօրեին հայտարարել է արտակարգ դրությունը մարտի 16–ից մինչև ապրիլի 14–ն ընկած ժամանակահատվածում։
«Դա բավարար է մեր աշխատանքներն անցկացնելու համար, սակայն դա չի նշանակում, որ մենք չենք աշխատում նոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ։ Աշխատանքներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով։ Ամեն ժամ մենք շարունակում ենք փոխգործակցել մեր գործընկերների, օտարերկրյա գործընկերների հետ` թեստերի նոր քանակ ձեռք բերելու համար», – ասաց նա։
Միաժամանակ Նանուշյանը նշեց, որ Հայաստանն այս պահին ապահովված է անհրաժեշտ թվով թեստերով։
Վերջին տվյալներով, ՀՀ–ում գրանցվել է կորոնավիրուսով
վարակման 72 դեպք։–0–