Երևանի քաղաքապետարանը կրճատել է տրանսպորտի QR կոդերի գործողության ժամկետը, բայց ոչ ոք դրա մասին չի իմացել․ պարզում ենք, թե ինչպես է դա տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Օրերս Երևանում հասարակական տրանսպորտով երթեւեկելու համար սովորական QR կոդեր գնելով՝ երևանցիներին տհաճ անակնկալ էր սպասվում՝ 100 դրամանոց տոմսերի վավերականության ժամկետի նվազում։
Օրինակ, նախկինում QR կոդերը կարող էին օգտագործվել 30 օրվա ընթացքում, այնուհետև այդ ժամկետը կրճատվեց մինչև 7 օր, ինչի մասին քաղաքային իշխանությունները նախապես տեղեկացրել էին։
Հիմա՝ հունվարի 5-6-ը, պարզվեց, որ 100 դրամանոց ուղետոմսի վավերականության ժամկետը կրճատվել է մինչև 3-4 օր (տարբեր տոմսերի վրա տարբեր ժամկետներ են), և այս մասին հանրությունը որևէ կերպ չի ծանուցվել։
«Ուշացած» իրազեկում
Մինչդեռ միայն այսօր հանրությունը սոցցանցերի միջոցով տեղեկացավ անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին ընդունված և քաղաքապետարանի կայքում դեկտեմբերի 27-ին հրապարակված ավագանու համապատասխան որոշման մասին։
Փաստաթղթում նշվում է․ «Որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետից հետո լրացնել նոր 12.1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.12.1) «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 100 դրամ»:

Քաղաքապետարանի արձագանքը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին։ Նա դժվարացավ կոնկրետ պատասխան տալ QR կոդերի գործողության ժամկետի կրճատման մասին հարցին՝ վկայակոչելով մայրաքաղաքի ավագանու դեկտեմբերի 24-ի որոշումը։
«Տեսա բնակիչների մեկնաբանությունները QR կոդերի վավերականության ժամկետը 7-ից 4 օր կրճատելու մասին: Այս որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից և ուժի մեջ է լինելու մինչև փետրվարի 1-ը, երբ տոմսային պրոդուկտներն ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն, և նման խնդիր այլևս չի լինի»,- ասաց Կոստանյանը։
Նա հավելեց, որ տոմսի թղթային տարբերակում նշվում է վավերականության կոնկրետ ժամկետ։
Միասնական տոմսային համակարգի մասին
2025 թվականի հունվարի 1-ից Երևանում գործում է միասնական տոմսային համակարգ, ըստ որի՝ ուղետոմսերը կարժենան.
* 280 (300) դրամ՝ «90 րոպե» տոմսի համար (3 ուղևորության համար)
* 880 (900) դրամ - օրական փաթեթ (8 ուղևորության համար)
* 4800 (5000) դրամ՝ շաբաթական փաթեթի համար (30 ուղևորության համար)
* 8800 (9000) դրամ՝ ամսական փաթեթի համար (անսահմանափակ)
* 23,600 (24,000) դրամ՝ 90 օրվա համար (անսահմանափակ)
* 88,800 (90,000) դրամ՝ մեկ տարվա համար (365 օր, անսահմանափակ)
Առաջին թիվն առցանց տոմսի արժեքն է, իսկ փակագծերում՝ ֆիզիկական ուղետոմսի արժեքը։
Ցանկացած սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կկարողանան օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսներից, մետրոյից, տրոլեյբուսներից։
Արտոնությունների մասին
2025 թվականի հունվարի 1-ից արտոնություններ են տրամադրվում մինչև 7 տարեկան երեխաներին (անվճար երթևեկություն), 8-ից 18 տարեկան դպրոցականներին (20% զեղչ), 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականներին (անվճար), 63 տարեկանից բարձր թոշակառուներին (30% զեղչ), Երևան քաղաքում սովորող ուսանողներին՝ անկախ գրանցման վայրից (15% զեղչ), մեկ ծնող կորցրած կամ ծնողազուրկ ուսանողներին (անվճար), 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք (անվճար), մանկատների և տուն-ինտերնատների սաներին, պետությունից նպաստ և օգնություն ստացող անձանց համար (20% զեղչ), նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական աշխատանքի, Հայաստանի ազգային հերոսներին, Փառքի շքանշանակիրներին (անվճար), 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների ծնողներին (անվճար):

