Ո՞վ կդառնա ԱԺ նախագահ. որոշ անուններ են շրջանառվում

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այս ընտրությունների ավարտից հետո ամենաինտրիգային հարցը, որ ծագելու է իշխանության և հանրության համար, Ազգային ժողովի նախագահի թեկնածուի հարցն է, գրում է «Հրապարակը»։
Դեռևս ընտրություններից առաջ խոսակցություններ կային, որ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունում 4 անուն է քննարկվում. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի և ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի թեկնածությունները:
«Նախնական տեղեկություններով՝ ամենահավանական թեկնածուն Արարատ Միրզոյանն է, որին ԱԺ նախագահ նշանակելով՝ Նիկոլ Փաշինյանը միանգամից երկու նապաստակ է խփում, մեկն այն է, որ ազատվում է իրեն չարդարացրած առաջին փոխվարչապետից, որն իր հավատարիմ զինակիցներից է և չի կարող համարժեք պաշտոն չստանալ: Մյուսն այն է, որ հնարավորինս անցնցում լուծում է ԱԺ ղեկավարի հարցը, որը հնազանդորեն կծառայի իրեն», – նշվում են հոդվածի հեղինակները։
Օրաթերթը նաև նշում է, որ Արայիկ Հարությունյանի պարագայում, ասում են, կան կոնկրետ խոչընդոտներ:
«Մասնավորապես՝ ինչ-որ կոմպրոմատ, որն ընդդիմությունը կդնի շրջանառության մեջ, եթե պարզվի, որ ՔՊ թեկնածուն ինքն է, ուստի, որպեսզի կոմպրոմատը «չաշխատի», որոշել են հրաժարվել վերջինիս թեկնածությունն առաջ մղելու մտքից», – գրում է թերթը։
«Լենա Նազարյանի դեպքում խնդիրն այն է, որ նրա ամուսնու՝ Նարեկ Բաբայանի հարցն է նաև դրված: Նա ցուցակի 38-րդ համարն է, զբաղեցնում է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, բայց, ըստ ամենայնի, նրա աշխատանքից դժգոհություններ կան, ուստի հնարավոր է, որ նա տեղափոխվի ԱԺ, իսկ կինը՝ հեղափոխության ակտիվ մասնակից Լենա Նազարյանը՝ կառավարություն»,– գրում են հոդվածի հեղինակները։
Կարելի է ենթադրել, որ դա կարող է լինել կամ փոխվարչապետի, կամ առնվազն նախարարի կարգավիճակով:
«Ալեն Սիմոնյանի դեպքում թեև արտաքուստ խանգարող հանգամանքներ չկան, սակայն նրա նկատմամբ ՔՊ վարչությունում խանդ կա և որոշակի նեգատիվ վերաբերմունք, ինչն արտահայտվեց Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ: Ալեն Սիմոնյանի հանդեպ ակնհայտորեն վերապահումներ ունի նաև Նիկոլ Փաշինյանը, ուստի քիչ հավանական է, որ նա զբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը: Սակայն ամենաուշագրավն այն է, որ Փաշինյանը որոշելու է խաղաքարտերը մինչև վերջին պահը չբացել՝ դրանով իսկ անորոշ և անառողջ մրցակցային մթնոլորտ ստեղծելով կուսակցությունում, որտեղ ձայներ տանելու դաժան մրցապայքար է սկսվել: Ոմանց թվում է, թե ռեյտինգային ընտրակարգով տարած քվեների հիման վրա է կատարվելու ապագա պաշտոնաբաշխումը, ուստի այս օրերին քափ-քրտինթ մտած՝ ընտրաձայներ են հավաքում»,-գրում է թերթը:–0–