Mobile.tert.am ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (հունիսի 19–23) կարևոր նորությունների հնգյակը։
ՀՀ ԱԺ պատգամավորների 64 կողմ, 31 դեմ և 0 ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը հավանության արժանացրեց վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը։ ԱԺ–ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ միջադեպ գրանցվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ու «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև։
Մի քանի օր առաջ ադրբեջանական կողմը հայտնեց, որ հայ դիվերսանտ են գերեվարել։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնեց, որ ԵԱՀԿ–ին ապացույցներ են ներկայացվել առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերի ձեռքում հայտնված 43-ամյա Զավեն Կարապետյանը քաղաքացիական անձ է։ Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը հաղորդեց, որ ստուգումներով և ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ադրբեջանի կողմից տարածված անձնական տվյալները համընկնում են Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում հաշվառված, 1974 թ․–ի նոյեմբերի 16–ին ծնված Զավեն Կարապետյանի տվյալների հետ։
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։ Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներին հաջողվել է կանխել հակառակորդի առաջխաղացումը։
Հունիսի 20–ին Երևանում եղանակային բացառիկ երևույթ է գրանցվել, տեղացել է «կույր» անձրև։ Միաժամանակ գրանցվել է շատ ուժեղ քամի, ինչի հետևանքով Երևանում վնասներ են եղել։ Նույն օրը գրանցված սելավը, փոթորիկն ու կարկուտը մեծ ավերածություններ են գործել նաև Տավուշի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում` Պտղավան բնակավայրում։ Ուժեղ քամին արմատախիլ է արել 30-40 տարվա հաստաբուն ծառեր, նորատունկ այգիներ, ավերել է ջերմոցներ ու բնակելի տներ:
Արթիկի շենքերից մեկի պատը փլուզվել է, ինչի հետևանքով բնակիչները մնացել են անօթևան։ Միաժամանակ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության նիստի ժամանակ խոսել է պատի փլուզման պատճառների մասին։–0–
Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ