Ադրբեջանում գերեվարված «ՀՀ քաղաքացու» տվյալները համընկնում են Վանաձորում հաշվառված անձի տվյալների հետ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

22.06.2017, 15:25
Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր տարածվել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին։
Ադրբեջանում գերեվարված «ՀՀ քաղաքացու» տվյալները համընկնում են Վանաձորում հաշվառված անձի տվյալների հետ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր տարածվել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին։

ՀՀ ոստիկանության կողմից կատարված ստուգումներով և ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարածված անձնական տվյալները համընկնում են Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում հաշվառված, 1974 թ․–ի նոյեմբերի 16–ին ծնված Զավեն Կարապետյանի տվյալների հետ։

«Զ․Կարապետյանը ծնվել է Նոր Խարբերդ ավանում։ Մայրը` Մ․ Կարապետյանը, եղել է Խարբերդի հաշմանդամների տան շահառու։ 1978 թ․ Զավեն Կարապետյանն ընդունվել է Գավառի մանկատուն, որտեղից դուրս է գրվել 1982 թ.–ին և տեղափոխվել մայրաքաղաքի Սովետաշենի օժանդակ դպրոց», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

1994 թ–ի աշնանը Զ․Կարապետյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաք և մոտ 4 տարի բնակվել Շառլ Ազնավուրի հիմնադրամի կողմից տրամադրված տնակում` օժանդակ դպրոցի նախկին սաներից մեկի հետ, հետո միայնակ է բնակվել Վանաձորի «Արմենիա» առողջարանի տարածքում տեղադրված և իրեն հատկացված տնակում։

Հաշվառման վայր չունենալու պատճառով 2004 թ.–ին հաշվառվել է Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում և նույն թվականին Վանաձորի անձնագրային բաժանմունքի կողմից ստացել անձնագիր։

Անձնագրի վավերականացման տասնամյա ժամկետը լրանալուց հետո չի դիմել նոր անձնագիր ստանալու համար։

«Զ․Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 1993 թ.–ի դեկտեմբերի 24–ին ազատվել է ծառայությունից», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Զ․Կարապետյանը հետագայում ապամոնտաժել և վաճառել է իր տնակը և դրանից հետո վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։

Ըստ ստացված տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերևույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ։–0–