ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանյան երկնքում հնարավոր կլինի տեսնել լուսնի խավարում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։
«Եթե չլինի մառախուղ և ամպամած եղանակ, ապա Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի մեծ մասի բնակիչները հնարավորություն կունենան տեսնել լուսնի խավարում շաբաթ գիշերը», – ասաց Հարությունյանը։
Լուսնի կիսաստվեր խավարմանը հնարավոր կլինի հետևել Երևանի ժամանակով ժամը 02։34–ից մինչև 06։53–ը։
Փետրվարյան լիալուսինը ավանդաբար կոչվում է «Ձմեռային լուսին», քանի որ փետրվարը տարվա ամենացուրտ և ձնառատ ամիսն է։ Այդ ժամանակ լուսինը կհայտնվի երկրային կիսաստվերում իր տրամագծի 1,02–ի չափով։
Հայաստանյան երկնքում հնարավոր կլինի տեսնել «Ամանորյա» գիսաստղ>>
Աստղագուշակ–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ լուսնի խավարումն առանձնանում է նաև նրանով, որ տեղի է ունենում Առյուծի և Ջրհոսի համաստեղությունների առանցքի վրա։ Առյուծը պատասխանատու է կամքի, իսկ Ջրհոսը` ազատության համար։
«Այս պահին լուսինը հաջող կերպով տեղակայված է Յուպիտերի, Սատուրնի, Ուրանի նկատմամբ։ Նման դիրքը հանգեցնում է հաջողության, բացում է նոր հեռանկարներ», – նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, հենց հիմա փոփոխությունների և նոր նախաձեռնությունների լավ ժամանակն է։ Էներգիայի հզոր տեղաշարժը կօգնի նախանշել նոր նպատակներ և որոշել, թե ինչպես պետք է շարունակել ապրել։
«Շատերը վերջապես կկարողանան վերահսկել սեփական կյանքն ու ապագան, նրանց մտածելակերպում տեղի կունենա հզոր տեղաշարժ», – նշեց Հովհաննիսյանը։–0–