Երևանում HighFest-ը մեկնարկել է կրքերի, տագնապների և երազանքների «կապույտ ծովով»

04.10.2011, 16:40
Երևանում HighFest-ը մեկնարկել է կրքերի, տագնապների և երազանքների «կապույտ ծովով»
Երևանում HighFest-ը մեկնարկել է կրքերի, տագնապների և երազանքների «կապույտ ծովով»

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. PR-Evolution Dance Company հունգարական թատերախմբի «Կապույտ տղամարդիկ» («Blue Men») օրիգինալ պարային բեմադրությունը նշանավորեց շաբաթ օրը Երևանում HighFest – 2011 միջազգային թատերական իններորդ փառատոնի բացումը:

Ներկայացումը տևել է կես ժամից մի փոքր ավելի, բայց այդ կարճ ժամանակում հանդիսատեսը կարողացել է շարժումների պլաստիկայում մարմնավորած կրքի, քնքշության, տագնապների, երազանքների այնպիսի փոթորիկ տեսնել, որին ոչ հաճախ կարող ես հանդիպել Երևանի թատերական բեմերում:

Ներկայացումը դասական սյուժե չունի, այն բեմադրված է զգացմունքների վրա, չասվածը ենթագիտակցական մակարդակով է հասկանելի դառնում: Խորեոգրաֆիկ համարի հիանալի բեմադրությունը հանդիսատեսին տանում է տղամարդկային գիտակցության խորքը:

Ինչի՞ մասին է ներկայացումը: Մեր առջև բացվում են երեք տղամարդկանց երևակայությունները, մտածմունքները, չիրականացած երազանքները, վախը և կասկածը: Ավելի ճիշտ, դա մեկ մարդու հոգու երեք մասի բաժանումն է:

Վիրտուոզ, պլաստիկ շարժումներ, հոյակապ երաժշտական ձևավորում, լույսի և ստվերի գրագետ խաղ, առանց դեկորացիաների դատարկ բեմ և կրքերի անհավանական շիկացում: Վերջում՝ ոգևորված հանրության և արվեստի իրական գնահատողների ծափահարությունները և ՀՀ «վաստակավոր» ոչ այնքան ոգևորված  թատերական գործիչների լարված ժպիտները (առանց մեկնաբանությունների):

PR-Evolution Dance Company-ին հիմնադրվել է 2003թ.-ին Լոնդոնի համաշխարհային հայտնի Ռամբերդի թատերախմբի կողմից՝ Աթիլա Կունի հետ համագործակցությամբ: Թատերախմբի խորեոգրաֆն է Սոֆիա Նեմեշը (Zsófia Nemes):

Ազգային, ժամանակակից և դասական հարքների համակցության շնորհիվ թատերախումբը բարձրորակ պարային տեխնիկա է ստեղծել: 2007թ.-ին PR-Evolution Dance Company-ն արժանացել է Բուդապեշտի Քաղաքային խորհրդի հատուկ մրցանակի՝ նոր պարային ոճի ստեղծման համար:

Highfest փառատոնը հոկտեմբերի 1-8-ը անցկացվում է Երևանում: Այս տարի փառատոնին մասնակցում է աշխարհի 18 երկրներից շուրջ 30 թատերախումբ, մասնավորապես՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Դանիայի, Իտալիայի, Հունգարիայի, Բուլղարիայի հայտնի կոլեկտիվներ:

Highfest միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ Հայաստանում անցկացվել է 2003թ.-ին: Փառատոնն այնպիսի միջազգային թատերական ցանցերի անդամ է, ինչպիսին են Մանկապատանեկան թատրոնի միջազգային ասոցիացիան (ASSITEJ) և Կատարողական արվեստի միջազգային ցանցը (IETM):  -0-