Միջնորդների հայտարարությունը և ներքաղաքական երկխոսությունը. Հայաստանը շաբաթվա ընթացքում

13.06.2011, 17:43
Միջնորդների հայտարարությունը և ներքաղաքական երկխոսությունը. Հայաստանը շաբաթվա ընթացքում
Միջնորդների հայտարարությունը և ներքաղաքական երկխոսությունը. Հայաստանը շաբաթվա ընթացքում

Հունիսի երկրորդ շաբաթը Հայաստանում նշանավորվեց  ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ՝ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մահմեդյարովի մոսկովյան եռակողմ հանդիպումով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեի (Ֆրանսիա)  հերթական այցով։

ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրության համաձայն, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի՝ մոսկովյան աշխատանքային հանդիպման ժամանակ ունեցած քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները: Հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի ս.թ. հունիսի վերջին կայանալիք հերթական եռակողմ գագաթնաժողովի ժամանակ: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպումը ծրագրված է հունիսի 25-ին Կազանում։

Ինչ վերաբերում է միջնորդների այցին, ապա տարածաշրջան այցելելուց հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ արեցին հակամարտության կողմերին խուսափել ցանկացած սադրանքներից կամ հայտարարություններից, որոնք կարող են այդ ճգնաժամային ժամանակահատվածում խոչընդոտել բանակցային գործընթացին։ Միջնորդները նաև վստահություն հայտնեցին, որ հակամարտության կողմերը կարող են համագործակցել 1994թ.-ին ձեռք բերած հրադադարի մասին համաձայնագրին հետևելու հարցերում։

Վեճեր երկխոսության շուրջ

Որքան քիչ ժամանակ է մնում խորհրդարանական ընտրություններին, այնքան շատ է հասարակությանը հետաքրքրում այն հարցը, թե ինչպես է զարգանալու երկխոսությունը իշխանությունների և հասարակության միջև։

Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը նշեց, որ Հայկական կոալիցիան պատրաստակամ է արդյունավետ աշխատել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում և Հայ ազգային կոնգրեսի հետ: Միաժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ ընդդիմության հետ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, բավականին արդյունավետ ընթանում է և մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է: «Դա պարզապես այնքան ակնհայտ է, որ երկխոսություն սկսելու մասին խոսելն առնվազն տարակուսելի է»,- ասաց նա։

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով էլ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի իշխանությունների միջև երկխոսությունը կեղծ է և  իմիտացիոն բնույթ է կրում:

«Իշխանություններն ու ՀԱԿ-ը պարզապես ժամանակ են ձգում՝ նախաձեռնելով կեղծ գործընթաց, և մենք մտավախություն ունենք, որ այս ամենը շատ տխուր ավարտ կունենա, քանի որ կողմերի միջև  վստահության զրոյական աստիճան է առկա», - նշում է Սաֆարյանը:

Իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) խորհրդարանի պատգամավոր Գագիկ Մելիքյանն իր հերթին կարծում է, որ իշխանությունների երկխոսությունը միայն ինչ-որ առանձին վերցված ընդդիմադիր ուժով ոչ ճիշտ կընկալվի հասարակության կողմից և կնվազեցնի վստահության մակարդակը՝ ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության նկատմամբ։ -0-