Շաբաթվա մարզական ամփոփումը. Արոնյանի հաջողություններն ու աշխարհի առաջնությանը հայ գեղասահորդի առաջին քայլերը

03.05.2011, 17:51
Շաբաթվա մարզական ամփոփումը. Արոնյանի հաջողություններն ու աշխարհի առաջնությանը հայ գեղասահորդի առաջին քայլերը
Շաբաթվա մարզական ամփոփումը. Արոնյանի հաջողություններն ու աշխարհի առաջնությանը հայ գեղասահորդի առաջին քայլերը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նախորդ մարզական շաբաթը նշանավորվեց հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջողությունների և Մոսկվայում անցկացված գեղասահքի աշխարհի առաջնությունում հայ մենագեղասահորդ Սարգիս Հայրապետյանի առաջին քայլերի մասին տեղեկություններով:

Շախմատի պրոֆեսիոնալների ասոցիացիան Արոնյանին լավագույն շախմատիստ է ճանաչել

Շախմատի պրոֆեսիոնալների ասոցիացիան (ՇՊԱ) ներկայացրել է աշխարհի լավագույն շախմատիստների 2010-2011 թթ.-ի իր տարբերակը: Հրապարակված վարկանիշային աղյուսակի համաձայն՝ առաջին տեղը զբաղեցնում է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2119 միավոր): Վերջին տարիների լավագույն հայ շախմատիստը 108 միավորով առաջ է անցել իրեն հետևող Խիկարու Նակամուրայից (ԱՄՆ): ՇՊԱ-ի վարկանիշի համաձայն՝ նրանց հետևում են ուկրաինացի Վասիլի Իվանչուկը (1894 միավոր), ռուս Սերգեյ Կարյակինը (1805) և աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը (1744): ՇՊԱ-ի վարկանիշային աղյուսակում է հայտնվել ևս մեկ հայ գրոսմայստեր՝ Սերգեյ Մովսիսյանը: 699 միավորով 33-ամյա մարզիկը զբաղեցրել է 26-րդ տեղը:

Լևոն Արոնյանն առաջին անգամը չէ, որ ՇՊԱ-ի կողմից ճանաչվում է լավագույն շախմատիստ: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2005-2006 թթ.-ին, իսկ երկու տարի անց (2008-2009 թթ.) Արոնյանը կրկին լավագույն շախմատիստ է ճանաչվել:

Հայ գեղասահորդն աշխարհի առաջնությանը

Ապրիլի 25-ին Մոսկվայում մեկնարկել է Գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացրել է գեղասահորդ Սարգիս Հայրապետյանը, ով հանդես է գալիս մենասահքով: Նա աշխարհի առաջնության ուղեգիր էր նվաճել այս տարվա փետրվարին Սլովակիայի Լյուբլյանա քաղաքում անցկացված ընտրական մրցաշարում:

Սկզբից առաջնության եզրափակիչ դուրս գալու մեր մարզիկի հնարավորությունները մինիմալ էին գնահատվում: Աշխարհի առաջնությանը մասնակցում էին բոլոր ուժեղագույն գեղասահորդները, և պարզապես անիրական էր, որ փոքրիկ Հայաստանը կարող է այս մարզաձևում մրցել այնպիսի գերտերությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն: Այս երկրները տղամարդկանց մենասահքում ունեին մի քանի ներկայացուցիչ, և նրանք էլ անցան եզրափակիչ: Իսկ Հայրապետյանը, ում համար նմանատիպ խոշոր մրցումներում հայտնվելն իսկ արդեն մեծ հաջողություն է, որակավորումից հետո զբաղեցրեց նախավերջին տեղը:

ՃՏՊ-ի հետևանքները Նազիկ Ավդալյանի համար

Ապրիլի 26-ին Ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Սպիտակ-Գյումրի ավտոմայրուղու վրա ՃՏՊ-ի էր ենթարկվել: Գտնվելով սեփական ավտոմեքենայի ղեկին՝ Ավդալյանին չէր հաջողվել կառավարել այն: Ողնաշարի վնասվածքով և տարբեր տեսակի կոտրվածքներով նա Գյումրիից տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Երկու օր անց նույն բժշկական կենտրոնում մարզուհուն վիրահատեցին, վիրահատությունը տևեց հինգ ժամ:

Դեռևս հայտնի չէ՝ կկարողանա՞, արդյոք, Ավդալյանը շարունակել իր մարզական կարիերան: Բժիշկների խոսքերով՝ արվում է հնարավոր ամեն ինչ, սակայն իրավիճակը  պարզ կդառնա հետվիրահատական, վերականգնողական շրջանում:

Սա 2011 թ.-ի ընթացքում Ավդալյանի արդեն երկրորդ ավտովթարն է, հունվարի 3-ին Շիրակի մարզիկ Արթիկ քաղաքում մարզուհուն պատկանող Mercedes մակնիշի մեքենան բախվել էր շենքի պատին: Նազիկը չէր տուժել:

Նազիկ Ավդալյանը 2008 թ.-ին դարձել է Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, 2009 թ.-ին՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն: Հարավային Կորեայի Գոյանգում վառ ելույթից հետո մարզուհին վնասվածքի պատճառով բաց էր թողել մի քանի խոշոր մրցաշար: 2011 թ.-ին նա արդեն վերականգնվել էր, հասցրել էր դառնալ Հայաստանի չեմպիոն և արդեն պատրաստվում էր Փարիզում կայանալիք աշխարհի առաջնության վարկանիշային փուլին:

Ֆուտբոլի պատանեկան հավաքականը Ղազախստանի նախագահի գավաթի հանդիպումներում

Հայաստանի պատանեկան հավաքականն անհաջող ելույթ ունեցավ Ղազախստանի նախագահի գավաթի ֆուտբոլի միջազգային մրցաշարում: Անցկացված չորս խաղերից հետո հայ ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթել միայն երկուսում, իսկ մնացած երկուսում հայ ֆուտբոլիստները պարտություն կրեցին: Երկու հաղթանակը բավականացրեց միայն յոթերորդ տեղի համար: Հաշվի առնելով այն, որ մրցաշարին մասնակցում էր ութ հավաքական, արդյունքն այնքան էլ ոգևորիչ չէ:

Հայաստանի հավաքականը խմբային փուլում հանդիպել է Վրաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի հավաքականների հետ: Մեկնարկն անհաջող էր, վրացիների հետ մրցապայքարում մեր հավաքականի դարպասապահը բաց թողեց հինգ գնդակ, իսկ մերոնք դարձան երեք գոլի հեղինակ: Սակայն արդեն երկրորդ փուլում իրավիճակն արմատականորեն փոխվեց, հայկական հավաքականը 2:0 հաշվով պարտության մատնեց Ուկրաինայի հավաքականին, իսկ վրացիները պարտվեցին թուրքերին: Այսպիսով, խմբային փուլի ավարտից մեկ խաղ առաջ բոլոր հավաքականները վաստակել էին 3-ական միավոր, և ամեն ինչ որոշվեց երրորդ՝ եզրափակիչ փուլում:

Սակայն Սուրեն Չախալյանի սաները չկարողացան անել վերջին, վճռորոշ քայլը՝ թուրքերի հետ խաղում բաց թողնելով երկու գնդակ: Այսպիսով, Հայաստանը խմբում զբաղեցրեց վերջին տեղը և ստիպված եղավ Ուզբեկստանի հավաքականի հետ պայքարել 7-8 տեղերի համար: Մեր պատանիներն իրենց եզրափակիչ խաղում հաղթանակ տարան՝ խփելով երկու գնդակ:

Մրցաշարի հաղթող դարձավ Ադրբեջանի հավաքականը, որը տուգանայինների խաղարկությամբ պարտության մատնեց Ուկրաինայի հավաքականին:

Մխիթարյանը մասնակցեց ուկրաինական «Էլ կլասիկոյին»

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Կիևի «Դինամոյի» հետ արտագնա խաղի ողջ ընթացքում դաշտում էր: Նա շատ ակտիվ էր, սակայն դա չօգնեց նրա թիմին խուսափել պարտությունից: Կիևի «Դինամոյին» հաղթանակ բերեցին Օլեգ Գուսևի կրկնակի գոլը և Անդրեյ Շևչենկոյի դիպուկ հարվածը, իսկ «Շախտյորը» չկարողացավ գոլի հեղինակ դառնալ:

Այս մրցակիցների հանդիպումները միշտ անցնում են համառ պայքարում՝ չնայած մրցաշարային խնդիրներին: Սակայն այս անգամ, որքան էլ տարօրինակ է, հենց մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքն ազդեց հանդիպման ընթացքի վրա: Դոնեցկի թիմն առաջնությունում ակնհայտ առավելությամբ առաջատարի դիրքում է, և նույնիսկ այսօրվա պարտությունը չի կարող խանգարել Միրչի Լուչեսկոյի սաներին հերթական անգամ դառնալ երկրի չեմպիոն: Այս չեմպիոնությունը Հենրիխ Մխիթարյանի համար կդառնա առաջինը Ուկրաինայի բարձրագույն լիգայում հանդես գալու ժամանակաշրջանում:-0-

Արթուր Խաչատրյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ