Հիշատակի շաբաթ
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Այս շաբաթ ինչպես Հայաստանում, այնպես էլ հայ իրականության մեջ ընդհանրապես առանցքային թեման կլինի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: Ավանդաբար լայնածավալ միջոցառումներ կանցկացվեն այն բոլոր երկրներում, որտեղ գործում են հայկական համայնքային կառույցներ, սակայն Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կենտրոնը կլինի Երևանը, ավելի ստույգ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:
Ազգային սուգ տոնական օրը. բարու հաղթանակը չարի նկատմամբ
2011թ.-ին Հայոց ցեղասպաության օրը՝ ապրիլի 24-ը, համընկնում է Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի հետ: Հայկական եկեղեցին այդ ամենի մեջ տեսնում է Աստվածային նախախնամություն, քանի որ Զատկի տոնը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ, կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ, Հարություն առած Քրիստոսի հաղթանակը:
Դեռևս հունվարին Արարատյան Հայրապետական Թեմը հայտարարություն տարածեց, որում նշվում է, որ Հայոց ցեղասպանության օրը բոլոր քրիստոնյա ազգերն աղոթք կբարձրացնեն մարդկության դեմ կատարված այդ հանցագործության անմեղ զոհերի հոգիների փրկության համար:
Հենց այս մասին է խոսվում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի ղեկավարության հայտարարության մեջ: Համատեղ փաստաթղթում կոչ է արվում բոլոր եկեղեցին հիշել Հայոց ցեղասպանության զոհերին Քրիստոսի Հրաշափառ Հարության աղոթքների ժամանակ: Իսկ հայ ժողովրդի գոյության փաստը հայտարարության մեջ համարվում է Հարության ուժի խորհրդանիշ:
Միջազգային ճանաչում. ի՞նչ կասի Օբաման
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Երևանը ոչ մի քայլ չի զիջել այդ հարցում ունեցած իր դիրքորոշումը նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվ փուլում: Ավելին, հայկական կողմը հայտարարել և հայտարարում է, որ պատմական արդարադության վերականգնումը չի կարող սակարկության առարկա լինել:
Ապրիլի 24-ի նախօրեին գլխավոր ինտրիգը ԱՄՆ նախագահը կողմից հայ ժողովրդին ուղղված իր ավանդական ուղերձում «ցեղասպանություն» բառի արտաբերման հարցն է:
Որպես կանոն՝ ԱՄՆ նախագահները չեն կատարում հայերին տված իրենց նախընտրական խոստումները և չեն տալիս հստակ, միջազգայնորեն ճանաչված ձևակերպումներ, որոնք բնութագրում են XX դարի սկզբի ողբերգական իրադարձությունները:
Իրավիճակից յուրահատուկ ելք է գտել Սպիտակ տան ներկայիս տեր, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Բարաք Օբաման: Երկրորդ տարին անընդմեջ հայ ժողովրդին ուղղված ավանդական ուղերձում ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահն օգտագործեց հայկական «Մեծ Եղեռն» արտահայտությունը, հենց այսպես են Հայաստանում անվանում 1915-1923 թթ. Ցեղասպանությունը։ Օբաման այն կերպ փաստորեն ճանաչում է Ցեղասպանությունը, չնայած պաշտոնապես չի օգտագործում իրավաբանական տերմինաբանությունը: Այնուամենայնիվ, Օբամայի օգտին իրենց ձայները տված ամերիկահայերը պահանջում են, որպեսզի նախագահն առավելագույնս կոնկրետ լինի այդ հարցում:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, առաջինը 1965թ.-ին դա արեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգները, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

