Կարեն Կարապետյանի «դրայվի» առաջին 100 օրը
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ամփոփելով Երևանի քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարման առաջին հարյուր օրվա արդյունքները՝ Կարեն Կարապետյանն անվանել է դրանք «դրայվի» ժամանակահատված: Զարմանալի չէ, քանի որ այս մի քանի ամսվա ընթացքում նա մայրաքաղաքի կյանքում ավելի շատ փոփոխություններ է մտցրել, քան նրան նախորդները մի քանի տարվա ընթացքում: Այլ բան է, որ այդ փոփոխությունները ոչ միանշանակ են ընկալվում երևանցիների կողմից, հատկապես փողոցային առևտրի դեմ պայքարի հարցը:
Միայն օրենքի իրագործու՞մ, թե՞ հարված փոքր բիզնեսին
Քաղաքապետը պնդում է, որ փողոցային առևտրի դեմ պայքարը ինքը չի հորինել: Համապատասխան օրենքն ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից դեռ 2004 թ.-ին, իսկ քաղաքապետարանը միայն այդ օրենքը կյանքի է կոչում:
«Մարդկանց 99 տոկոսը կողմ է փողոցային առևտրի դեմ պայքարին, և միայն մեկ տոկոսն է դեմ, սակայն նրանց ձայնն ավելի բարձր է հնչում», - նշեց քաղաքապետը: Նրա կարծիքով՝ քաղաքացիական բողոքի համար ոչ մի տրամաբանական հիմք չկա. չէ՞ որ քաղաքապետարանը հոգ է տարել 3000 փողոցային առևտրականների ճակատագրի մասին, որոնց համար մինի-շուկաներ կստեղծվեն: Առաջիկայում կգործեն առաջին երեք շուկաները, իսկ ընդհանուր առմամբ կլինի 12 մինի-շուկա:
«Այդ մինի-շուկաներում օրավարձն ավելի շատ չի լինի, քան առևտրականները վճարում են ոստիկաններին կամ ինչ-որ մեկին՝ չխոսելով արդեն սանիտարահիգիենիկ պայմանների մասին», - նշեց Կարապետյանը:
Քաղաքապետը պնդում է, որ այստեղ խնդիրն ավելի շուտ մտածելակերպի մեջ է:
«Հաճախ առևտրականը չի կարողանում որևէ հիմնավորում տալ, թե ինչու չի ցանկանում աշխատել շուկայի տարածքում, պարզապես ասում է. «Ես աշխատելու եմ այստեղ», իսկ մենք ասում ենք. «Ոչ, դուք այստեղ չեք աշխատի»», - նշեց քաղաքապետը:
Նպատակ - ներդրումներ
Քաղաքապետն իր հիմնական խնդիրներից մեկն է համարում բիզնեսի ինտեգրումը մայրաքաղաքի կյանքի բոլոր ոլորտներ, որտեղ «բիզնես-տրամաբանություն կա»: Կարապետյանը դա աքսիոմա է համարում:
«Այն, ինչ հնարավոր է փոխանցել բիզնեսին, պետք է փոխանցել բիզնեսին՝ հասարակական տրանսպորտը, շինարարությունը, առողջապահությունը, աղբահանությունը, կանաչապատումը», - համոզված է քաղաքապետը:
Նրա համոզմամբ` քաղաքի կյանքի հնարավոր բոլոր ոլորտների մեջ ներդրումների ներգրավումը թույլ կտա տնտեսել բյուջեի առանց այդ էլ աղքատիկ միջոցները և ուղղել դրանք սոցիալական ծրագրերին:
Նա տեղեկացրեց, որ շուտով քաղաքապետարանի կայքում կտեղադրվեն նաև «ներդրումային լոտերը», այսինքն՝ բիզնեսի առավել օպերատիվ արձագանքում պահանջող նախագծերը:
«Մենք պատրաստ ենք բիզնեսի համար աշխատանքի առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծել, մենք պատրաստ ենք նույնիսկ բռնել նրանց ձեռքը և նրանց ուղղել հարկավոր հուն», - ընդգծեց քաղաքապետը:
Նա անհրաժեշտ է համարում հասարակական տրանսպորտը բիզնեսին փոխանցելը: Քաղաքապետը նախատեսում է նաև մայրաքաղաքում նվազեցնել միկոավտոբուսների թիվը՝ փոխարինելով դրանք ավտոբուսներով, ինչպես նաև ներդնել ուղեվարձի միասնական համակարգ:
Շինարարությունը ևս պետք է պատկանի մասնավոր հատվածին: «Մենք արգելել ենք շինարարություն իրականացնել կանաչ տարածքներում, սակայն քաղաքի մնացած մասում շինարարությունը շարունակվելու է: Սա ևս աքսիոմա է», - նշեց նա:
Կարապետյանը, ամենայն հավանականությամբ, հստակ որոշել է Երևանը վերածել եվրոպական մայրաքաղաքի:
«Երևանը մեգապոլիս է: Նրանք, ովքեր ցանկանում են արթնանալ թռչունների դայլայլի և գետակի քչքչոցի ներքո, պետք է տեղափոխվեն գյուղ», - հայտարարեց նա:
Կրկեսի վերածնունդն ու երևանյան «Դիսնեյլենդը»
Հարկ է նշել, որ ներդրումների ներգրավման գործում Կարապետյանն արդեն հասել է որոշակի հաջողությունների: Ինչպես տեղեկացրեց քաղաքապետը, շուտով խոշոր ներդրումներ են սպասվում երեխաների համար նախատեսված զվարճանքների վայրերի արդիականացման ոլորտում:
Առաջին հերթին, «Տաշիր» ընկերությունների խմբի ռուսական հոլդինգի (Tashir Group) կողմից հատկացրած շուրջ 8 մլն դոլարով կվերանորոգվի և կվերազինվի երևանյան կրկեսը:
Բացի այդ, նախագիծ կա, ըստ որի՝ «Հաղթանակ» այգին նախատեսվում է վերածել «հայկական Դիսնեյլենդի»: Այդ նախագծի իրագործման մեջ նախատեսվում է ներդնել շուրջ 60-70 մլն դոլար:
Ոչ մի քաղաքականություն, միայն մենեջմենտ
Կարապետյանը չշրջանցեց նաև «ՀայՌուսԳազարդից» մայրաքաղաքային իշխանություն իր տեղափոխման և քաղաքական նրբերանգների հետ կապված հարցերը:
«Չնայած նրան, որ ինձ քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Հանրապետական կուսակցությունը, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում և կուսակցական առաջադրանքներ չեմ ստացել: Միակ առաջադրանքը, որ դրված է իմ առջև, մայրաքաղաքն արդյունավետ կառավարելն է: Ինձ համար չափազանց հետաքրքիր է իմ՝ որպես մենեջերի աշխատանքը«,- հայտարարեց քաղաքապետը:
Այդ համատեքստում նա մեկնաբանեց մայրաքաղաքի գլխավոր հրապարակներից մեկում հանրահավաքներ անցկացնելու՝ քաղաքապետարանի արգելքը: «Խնդրում եմ այստեղ քաղաքական ենթատեքստ չփնտրել»,- ընդգծեց Կարապետյանը:--0—

