Հայ ըմբիշների ելույթը, Սյուզի Կենտիկյանի հաղթանակը, Կառլեն Մկրտչյանի տեղափոխությունը շաբաթվա մարզական ամփոփագրում

04.04.2011, 14:20
Հայ ըմբիշների ելույթը, Սյուզի Կենտիկյանի հաղթանակը, Կառլեն Մկրտչյանի տեղափոխությունը շաբաթվա մարզական ամփոփագրում
Հայ ըմբիշների ելույթը, Սյուզի Կենտիկյանի հաղթանակը, Կառլեն Մկրտչյանի տեղափոխությունը շաբաթվա մարզական ամփոփագրում

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում երեքշաբթի մեկնարկել է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին մասնակցել են նաև ազատ և հունահռոմեական ոճերի մեր ըմբիշները: Կազմում ունենալով Եվրոպայի, աշխարհի և Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ՝ Հայաստանի հավաքականը ընդհանուր հաշվարկում բարձր տեղերի էր հավակնում և պետք է ձեռնունայն չվերադառնար:

Սպասումները մասնակիորեն արդարացան: Մրցումներին ավանդաբար վատ հանդես եկան ազատ ոճի ըմբիշները և ավանդաբար լավ հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշները, չնայած չփայլեցին: (Հունահռոմեական ոճի մրցումները դեռ շարունակվում են)

Ազատ ոճում միակ մեդալը նվաճեց ըմբիշ Մուսա Մուրթազալիևը, ով 74 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց: Դաղստանցի ըմբիշը եզրափակչում զիջեց աշխարհի կրկնակի չեմպիոն, ռուս ըմբիշ Դենիս Ցարգուշին:

Հարկ է նշել, որ Էդգար Ենոքյանը (մինչև 96 կգ) ևս կարող էր մեդալ նվաճել, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում նա զիջեց մոլդովացի Նիկոլայ Չեբանին: Ազատ ոճում հանդես եկող մյուս ըմբիշները եզրափակիչ չհասան: Արդյունքը՝ մեկ արծաթե մեդալ, սակայն ներկայացուցիչներ ունեինք բոլոր քաշային կարգերում: Շատ չէ:
Այն, ինչին չհաջողվեց հասնել ազատ ոճում հանդես եկող ըմբիշներին, այն է՝ դառնալ Եվրոպայի չեմպիոն, արեցին հունահռոմեական ոճի ըմբիշները: Ռոման Ամոյանն առաջին անգամ չէր ոսկի նվաճում:

Ամոյանը Դորտմունդ էր եկել` ունենալով և Եվրոպայի «ոսկի», և աշխարհի առաջնության «արծաթ», իսկ Օլիմպիական խաղերում նվաճած նրա բրոնզե մեդալը հիշում է ողջ երկիրը: Գերմանիայում ևս մինչև 55 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանին հաղթող չգտնվեց: Նա իր բոլոր մրցապայքարներն ավարտեց «չոր» հաշվով, իսկ եզրափակչում, չնայած գլխի վնասվածքին, պարտության մատնեց ադրբեջանցի ըմբիշ Վուգար Ռահիմովին, ով հանդես էր գալիս Ուկրաինայի դրոշի ներքո (1:0, 4:0):

Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Պեկինում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևից հայ երկրպագուները հերթական նվաճումն էին սպասում, սակայն Հայաստանը ներկայացնող ծանր քաշայինի մոտ ինչ-որ բան չստացվեց: Պատրիկեևը չկարողացավ հասնել եզրափակիչ, իսկ բրոնզե մեդալի համար մրցապայքարում պարտության մատնեց Շվեդիան ներկայացնող Յոհան Էուրենին:

Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալ նվաճեց Արթուր Շահինյանը (84 կգ): Շահինյանին չկարողացավ հաղթել նույնիսկ Գերմանիան ներկայացնող Յան Ֆիշերը (3:1, 2:0):

Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց իր տիտղոսը

Գերմանահայ բռնցքամարտիկ, WIBF, WBO և WBA վարկածներով հաղթող Սյուզի Կենտիկյանը մարտի 26-ի լույսի 27-ի գիշերը հերթական հաղթանակը գրանցեց: Կենտիկյանը պարտության մատնեց մեքսիկուհի Աննա Արազոլային: Մրցավարները համակարծիք էին մենամարտի հաղթողի որոշման հարցում (99–90, 98–92, 97–92):

Հարկ է նշել, որ վիճարկվում էր միայն WIBF վարկածով գոտին, սակայն Կենտիկյանը չէր թաքցնում իր ուրախությունը մենամարտից հետո: «Ես շատ էի ցանկանում անցկացնել այս մենամարտը ութամսյա ընդմիջումից հետո, նա շատ համառ մրցակից էր: Սակայն ես նրան վերաբերվեցի ողջ լրջությամբ», - ասել է Կենտիկյանը:

Կառլեն Մկրտչյանը Դոնեցկի «Մետալուրգում»

Այն, որ Դոնեցկի «Մետալուրգը» Ուկրաինայի ամենահայկական թիմն է, գիտեին բոլորը: Սակայն վերջերս այս կարգավիճակն աստիճանաբար անկում էր ապրում: Սկզբից Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյոր», հետո Արտակ Դաշյանը, այդպես էլ չկարողանալով ընդգրկվել «Մետալուրգի» հիմնական կազմում, վերադարձավ հայրենիք: Եվ Դոնեցկի երկրորդ թիմը մնաց առանց հայ ֆուտբոլիստի:

Սակայն ինչպես պարզվեց, ամեն ինչ փոփոխական է: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, 2010 թ.-ի երկրի լավագույն ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը եռամյա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Մետալուրգի» հետ: Հատկանշական է, որ պայմանագիրը ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան հանդիպումից հետո, որը Մկրտչյանն անցկացրեց բարձր մակարդակով:

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մկրտչյանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի հետ Կրասնոդարի «Կուբանում» մասնակցում էր փորձնական հանդիպումներին, սակայն վնասվածքի պատճառով ֆուտբոլիստի հետ պայմանագիր չկնքվեց: Դրանից հետո մամուլում տեղեկություն տարածվեց, թե կիսապաշտպանն, ամեն դեպքում, կարող է տեղափոխվել «Կուբան», սակայն, ըստ երևույթին, Կառլենն այլ որոշում ընդունեց՝ միգուցե ելնելով մրցակցության նկատառումներից, չէ՞ որ այս տեսանկյունից «Մետալուրգում» պետք է որ ավելի հեշտ լինի: Կհաջողվի՞ նրան ամրապնդել դիրքերը Դոնեցկի թիմում, ցույց կտա ժամանակը, սակայն դրա համար բոլոր նախադրյալներն, անկասկած, կան:-0-
Արթուր Խաչատրյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար