Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցերը՝ ընդդիմության ակտիվացման ֆոնի ներքո. Հայաստանը նախորդ շաբաթ
Հայաստանում նախորդ շաբաթը հարուստ էր իրադարձություններով, որոնք թեժ քաղաքական գարուն են կանխատեսում, մասնավորապես՝ ընդդիմությունը ժողովրդին «մեծ փոփոխությունների է» պատրաստում:
Բացի այդ, Հայաստան այցելեցին միանգամից մի քանի բարձրաստիճան միջազգային պատվիրակություններ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը (Audronius Ażubalis), ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը:
«Իմպրովիզացիոն» առաջարկներ և դրական զարգացումներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
Նախորդ շաբաթ Հայաստան այցելած միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ-ի ղեկավարության հետ:
ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը լուրջ և զարմանալի առաջարկ արեց՝ առաջացնելով համընդհանուր վրդովմունք: Նա առաջարկեց հայկական կողմին միակողմանի կարգով դուրս բերել դիպուկահարներին ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծից:
«Իմ առաջարկը մեծ մասամբ կրում է իմպրովիզացիոն բնույթ: Միգուցե հայկական կողմն իր վրա պարտավորություն վերցնի միակողմանի կարգով դուրս բերել դիպուկահարներին: Նման դեպքում դիպուկահարների դուրսբերումը լավ քայլ և կամքի դրսևորում կլիներ», - ասաց Աժուբալիսը:
Ըստ երևույթին գործող նախագահն ինքը զգաց իր առաջարկի անհեթեթությունը՝ համարելով այն «իմպրովիզացիոն»: Այնուամենայնիվ, նրա հայտարարությանը հետևեց հայկական կողմի հստակ արձագանքը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ Ղարաբաղը միակողմանի կարգով շփման գծից դուրս չի բերի դիպուկահարներին:
«Արցախը չի կարող իրեն թույլ տալ միակողմանի կարգով ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը: Ադրբեջանն արդեն մի քանի անգամ խախտել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, և այդ պատճառով նման իրավիճակում Արցախը չի կարող գնալ դրան: Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել բազմակողմ հանդիպումների ժամանակ»,- ասաց Սահակյանը:
Միաժամանակ Սահակյանն ընդգծեց, որ և ԵԱՀԿ գործող նախագահը, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գիտակցում են, որ առանց Արցախի մասնակցության անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Նա ընդգծեց, որ Արցախը պատրաստ է մասնակցել ցանկացած աշխատանքների և բանակցությունների, որոնք հնարավորություն կտան փրկել գոնե մեկ հայ զինվորի կյանք:
ԵԽԽՎ համազեկուցողների առաքելությունը վերաբերում էր Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Նախագահ Սերժ Սարգսյանն, ընդունելով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Աքսել Ֆիշերին, նշել է, որ Երևանը պատրաստ է լսել համազեկուցողների դիտողությունները և համատեղ աշխատել երկրում առկա խնդիրները լուծելու համար:
Համազեկուցող Ջոն Պրեսկոտը նշել է, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո ակնհայտ են այն փոփոխությունները, որ տեղի են ունենում, որոնք իրենք տեսնում և զգում են ՀՀ նախագահի հետ իրենց հանդիպումների, զրույցների ժամանակ:
Նա կարծում է, որ Հայաստանի իշխանությունները կարողացել են քաղաքական կամք ցուցաբերել այդ խնդիրների լուծման գործում:
«Այս փոփոխությունները չափվում և գնահատվում են այն բանաձևի և առաջարկությունների ներքո, որ մեր կողմից արվել են այդ կապակցությամբ: Պարո՛ն նախագահ, կարևորն այստեղ քաղաքական կամքն է, որ Դուք ցուցաբերել եք: Մենք արձանագրել ենք ձեր ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված այդ կամքը, փոփոխությունները, որոնք, իրոք, անհրաժեշտ են: Այդ փոփոխությունների մասին զեկուցել ենք նաև Վեհաժողովին»,-ասել է Ջոն Պրեսկոտը:
Ոչ թե բռնցաքամարտ, այլ շախմատ
Համազեկուցողների կարծիքը բացարձակապես չի կիսում ընդդիմությունը, որը հինգշաբթի կայացած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ արտահերթ ընտրությունների միջոցով կրկին իշխանափոխություն է պահանջել:
Այս անգամ ընդդիմության հռետորականությունը փոքր-ինչ այլ էր: Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում կայացած հանրահավաքում հայտարարեց, որ ընդդիմությունը փոփոխությունների է հասնելու ոչ թե ցանկացած գնով, այլ «քաղաքական պայքարի միջոցով»:
«Մենք բռնցքամարտի չենք եկել, մենք շախմատ ենք խաղում, իսկ շախմատի համար ուղեղ է պետք, քանի որ առանց ուղեղի շախմատը կլոունադայի է վերածվում»,- այլաբանորեն համեմատեց Տեր-Պետրոսյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանին սպասում են Եգիպտոսի և Թունիսի սցենարները, սակայն նրա կարծիքով՝ Հայաստաոնւմ անցումը կլինի ավելի սահուն՝ առանց արյունահեղության, այսպես կոչված` թավշե հեղափոխության միջոցով:
Հինգշաբթի երեկոյան ընդդիմությունը ցնծում էր. նրանց հաջողվեց մտնել Ազատության հրապարակ, որտեղ երեք տարուց ավելի չէր թույլատրվում հանրահավաքներ անցկացնել: Ընդդիմության առաջնորդներն իրենց հաջողությունը համարեցին առաջին հաղթանակը և ցրվեցին՝ հիշեցնելով առաջիկա հանդիպման մասին:
Ընդդիմությունը ցրվեց, իսկ Ազատության հրապարակում մնաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԺ պատգամվոր Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մարտի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել՝ «Ծոմ ազատության» նշանաբանով: Թվում է, թե Հովհաննիսյանը նույն բանն է պահանջում, ինչ արմատական ընդդիմությունը, այն է՝ « ժողովդրին վերադարձնել իշխանության ձևավորման, ձայնի իրավունքը»: Սակայն ՀԱԿ-ի առաջնորդը ոչ նայեց Հովհաննիսյանի կողմը, ոչ էլ խոսեց նրա մասին՝ այդպել էլ չմոտենալով նրան:
Ավելի ուշ Հովհաննսիսյանը բավականին նրբանկատ մեկնաբանեց Տեր-Պետրոսյանի վարքագիծը՝ համարելով այն «քաղաքական դիրքորոշման դրսևորում»: Այնուամենայնիվ, նա սխալ համարեց այդ դիրքորոշումը:
«Անձամբ ես կարծում եմ, որ նման դիրքորոշումը չի նպաստում ժողովրդի միավորմանը, այլ՝ հակառակը: Ես չեմ խնդրում, կոչ չեմ անում և չեմ պահանջում, սակայն հարկավոր է, որպեսզի բոլորը վերանայեն իրենց քաղաքական դիրքորոշումը և քաղաքական կուլտուրայի մասին իրենց պատկերացումները», - նշել է քաղաքական գործիչը:-0-

