Հրաժեշտ եթերին. հեռուստաէկրանից ընդդիմության բեմահարթակ
«ԱԼՄ» հայկական հեռուստաընկերությունը նախօրեին կեսգիշերին դադարեց իր հեռուստածրագրերի հեռարձակումը: Հայաստան վերադարձած վոլգոգրադցի ձեռնարկատեր Տիգրան Կարապետյանի կողմից 2001 թ.-ին ստեղծված հեուստաընկերությունը նախորդ տարվա դեկտեմբերի կեսին «Երևան» հեռուստաալիքին զիջեց թվային հեռարձակման հաճախականությունների բաշխման մրցույթում:
Հեռուստաալիքի բոլոր լրագրողներն ու աշխատակիցները եթերում խորհրդանշական կերպով հրաժեշտ տվեցին իրենց հեռսուստադիտողին: Միաժամանակ անդադար հրապարակվում էին այն հեռախոսահամարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել «ԱԼՄ»-ի սեփականատիրոջ հետ, իսկ եթերի վերջին րոպեներին ցուցադրվեց Երևանում Կարապետյանի բազմահազարանոց հանրահավաքի մասին պատմող ռեպորտաժը:
«ԱԼՄ» հապավումը բացվում է որպես Այլընտրանքային լրատվական միջոց: Հեռուստաալիքի սեփականատեր Տիգրան Կարապետյանը, ով գլխավորում է Ժողովրդական կուսակցությունը, միշտ իրեն կենտրոնամետ էր համարում, սակայն փոխեց իր քաղաքական հայացքները, հատկապես, երբ սկսեցին ամպեր կուտակվել իր մեդիա-նախագծի վրա:
«ԱԼՄ»-ի եթերը փոքր-ինչ արտառոց էր և դուրս էր գալիս հեռուստատեսության մասին համընդհանուր պատկերացումների շրջանակներից: Համերգները, որոնց կարող էին մասնակցել գրեթե բոլոր ցանկացողները, Կարապետյանի բարեգործական ակցիաները, նրա հեռուստամենախոսությունները բնակչության զգալի մասին հասկանալի լեզվով ձեռներեցին և քաղաքական գործչին դարձրեցին հայտնի և ճանաչված:
Այնուամենայնիվ, համահանրապետական ընտրությունների ժամանակ Կարապետյանի հաջողությունները բավականին համեստ էին, և հետապնդվող քաղաքական գործչի ակտիվորեն պայծառացող «լուսապսակը» ընդլայնեց նրա կողմնակիցների շարքերը: Այս մասին վկայում են բազմամարդ հանրահավաքները, որոնք Կարապետյանին հաջողվեց կազմակերպել Երևանում երկու անգամ:
Բողոքող ընտրազանգվածին ներգրավելուն էին ուղղված նաև տնտեսական և սոցիալական բնույթի պահանջները, որոնք առաջադրվեցին Կարապետյանի կողմից հունվարի 19-ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ:
Այս պահանջները, որոնք վերաբերում են աշխատավարձերի և կենսաթոշակների կրկնակի բարձրացմանը, գազի գների կտրուկ իջեցմանը, փոքր բիզնեսը հարկերից ազատելուն և հարկերը ֆիքսված վճարներով փոխարինելուն, վարկերի տոկոսադրույքների բազմակի իջեցմանը, առաջին հայացքից բարի նպատակներ են հետապնդում: Սակայն դրանց գործնական կիրառման դեպքում լուրջ վնաս կարող է հասցվել պետբյուջեին և երկրի ֆինանսական կայունությանը:
Բացի տնտեսական պահանջներից, Ժողովրդական կուսակցության առաջնորդն առաջադրեց նաև քաղաքական պահանջներ՝ «ազատ արձակել քաղբանտարկյալներին»: Այս ամբողջն ուժգնացվում է արտահերթ ընտրությունների պահանջի սպառնալիքներով, եթե իշխանությունները ընդառաջ չգնան:
Այս ինքնատիպ վերջնագրի վերջնաժամկետը լրանում է փետրվարի 28-ին, երբ կկազմակերպվի Կարապետյանի կողմնակիցների հերթական հանրահավաքը:
Որոշ փորձագետներ նշել են, որ բողոքի ակցիան ծրագրված է մարտի 1-ից մեկ օր առաջ, երբ մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ Հայ ազգային կոնգրեսը անցկացնում է սեփական միջոցառումները 2008 թ.-ի մարտյան ողբերգական իրադարձությունների կապակցությամբ:
Այս փաստը ևս մեկ փաստարկ է փորձագետների համար, ովքեր «ԱԼՄ»-ի սեփականատիրոջ քաղաքական ակտիվացումը համարում են բազմաքայլ կոմբինացիայի տարրերից մեկը, որը նպատակաուղղված է ընդդիմադիր ընտրազանգվածի մասնատմանն ու շիկացումը հանդարտեցնելու բազմախողովակ համակարգի ստեղծմանը:
Կարապետյանը դա բացարձակապես հերքում է՝ հայտարարելով, որ վճռական է տրամադրված և պատրաստ է գնալ մինչև վերջ: Նա իշխանություններին սուր քննադատության է ենթարկում: Բացի այդ, Ժողովրդական կուսակցության առաջնորդը հայտարարում է, որ կմասնակցի նախագահական ընտրություններին և կդառնա պետության նախագահ:
Նա արդեն սկսել է հավաքել իր ընտրազանգվածին՝ հաշվի առնելով այն, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2012 թ.-ին: Միաժամանակ եթերը կորցրած հեռուստաընկերության ղեկավարը հայտարարում է, որ մարդկանց հետ շփվելու խնդիր ինքը չի ունենա:
Եթե այսպես շարունակվի, ապա իրեն միակ ընդդիմադիր ուժ համարող Հայ ազգային կոնգրեսը ստիպված կլինի պայքարել ոչ թե իշխանության, այլ մրցակիցների դեմ:
Իսկ Կարապետյանը կոնկրետ հարցեր ունի՝ ուղղված եթե ոչ ՀԱԿ-ին, ապա նրա միջուկին՝ Հայոց համազգային շարժմանը: Նա մասնավորապես առաջարկում է հիշել, թե ով է փակել հազարավոր ձեռնարկություններ և ժողովրդին աղքատության հասցրել:-0-
Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

