Երևանի քաղաքապետի ընտրությունները. ինտրիգ կլինի՞

16.12.2010, 19:20
Երևանի քաղաքապետի ընտրությունները. ինտրիգ կլինի՞
Երևանի քաղաքապետի ընտրությունները. ինտրիգ կլինի՞

Ուրբաթ՝ դեկտեմբերի 17-ին կայանալիք Երևանի նոր քաղաքապետի ընտրությունները դարձել են տեղական մամուլի քաղաքական բանավեճերի և հրապարակումների հիմնական թեման: Հնարավոր թեկնածուների տեսակետից անակնկալ, հաստատ, չի սպասվում: Ինչպես և հաղորդում էին տեղական թերթերը, հիմնական թեկնածուները երկուսն են՝ «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանն ու գործող փոխքաղաքապետ և քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:

Այն, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջադրում է այս երկու թեկնածուներին, և ՀՀԿ-ի խորհրդի՝ այսօր կայանալիք նիստի ժամանակ ընտրությունը նրանց միջև է կայանալու, հինգշաբթի լրագրողներին հաստատեց ՀՀԿ-ից պատգամավոր Արտակ Զաքարյանը: Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարն իր հերթին, ձեռնպահ մնալով անուններ հրապարակելուց, ասաց, որ դժվար թե նոր թեկնածուներ հայտնվեն:

Երևանի քաղաքապետի պաշտոնը Հայաստանում գլխավորներից մեկն է նաև այն պատճառով, որ Երևանում է բնակվում երկրի բնակչության մեկ երրորդը, հատևաբար քաղաքապետի քաղաքական կշիռն ու հեղինակությունը շատ բարձր է:

Ո՞վ ավելի մեծ շանսեր ունի

«Ավելի մեծ շանսեր ունի այն թեկնածուն, ով կհավաքի ավելի շատ ձայներ», - կատակեց փորձագետ, ԱՊՀ ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

Իսկ եթե լուրջ, ապա փորձագետի խոսքերով՝ կա այն բանի որոշակի հավանականությունը, որ կառաջադրվի Կարեն Կարապետյանը:

«Եթե մարդը «ՀայՌուսգազարդի» ղեկավարության կազմում թողնում է հետաքրքիր պաշտոնն ու առաջադրվում է Երևանի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում, ապա ենթադրվում է, որ նա դա հենց այնպես չի անում: Նրա ընտրության հավանականությունը բավականին բարձր է», - ասաց Մարկարովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին, ապա փորձագետի խոսքերով՝ հաշվի առնելով Ավան համայնքում և Երևանի քաղաքապետարանում նրա աշխատանքի փորձը՝ կարելի է պնդել, որ նա արժանի թեկնածու է:

Միաժամանակ փորձագետը նշեց, որ հաշվի առնելով որոշ սուբյեկտիվ գործոններ՝ Կարապետյանի թեկնածությունը կարող է մեծ աջակցություն ստանալ կուսակիցների կողմից, քանի որ նա 2009 թ.-ի մայիսին կայացած Ավագանու խորհրդի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի ցուցակում զբաղեցնում էր հինգերորդ տեղը:

Մարկարովը կարծում է, որ նոր քաղաքապետի ընտրությունների ժամանակ խմորումներ կարող են և չլինել, սակայն առողջ մրցակցությունը երբեք և ոչ մեկին չի խանգարել:

«Ոչ առանց հիմքի կարելի է ենթադրել, որ պարոն Մարգարյանի կողմնակիցների դերում կարող են հանդես գալ ՀՀԿ-ի այն անդամները, ովքեր ժամանակին համագործակցել են Մարգարյան ավագի հետ և որդու մեջ տեսնում են այն ժամանակվա ավանդույթների շարունակությունն ու  մարմնավորումը: Կան նաև ավելի մոդեռնիստական ՀՀԿ-ականներ, ովքեր նոր քաղաքապետի պաշտոնում տեսնում են մեր երկրի տնտեսական դաշտում գործող առաջատար ընկերություններից մեկի թոփ-մենեջերի փորձով մեկին», - ասաց Մարկարովը:

Համակարգը պետք է փոխել, սակայն...

Ինչպես նշեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, քաղաքային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների առավելագույն արդյունավետ աշխատանքի համար հարկավոր է լուրջ փոփոխություններ կատարել քաղաքական համակարգում:

«Չեմ ցանկանում հոռետես լինել այդ իմաստով: Համակարգի փոփոխությունը կարող է սկսվել տարբեր մակարդակի իշխանություններից, եթե այդ իշխանությունն ունեցող մարդն իրենից սկսելու և փոփոխություն մտցնելու, այլ ոչ թե քաղաքական համակարգի իրողությունների հետ հաշտվելու ցանկություն ունի»,- ասաց նա:

Միաժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն անշնորհակալ գործ անվանեց կանխատեսումները, թե ով կընտրվի քաղաքապետ:

«Արդար չի լինի գնահատել որևէ մեկին, քանի որ նրանցից մեկի գործունեությունն ինձ հայտնի է Ավան համայնքում տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի շնորհիվ, իսկ մյուսի գործունեությանը ես ծանոթ չեմ: Այդ դեպքում կոնկրետ գնահատականներն անտեղի կլինեն»,- ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ ինքը հանդիպել է Ավանի շատ բնակիչների հետ, որոնք գոհ են եղել Տարոն Մարգարյանի աշխատանքից:

«Սակայն կրկնում եմ, ես չեմ կարող գնահատել պարոն Կարապետյանի գործունեությունը, քանի որ ծանոթ չեմ և երբևէ չեմ առնչվել նրա գլխավորած ոլորտի հետ: Հետևաբար, ես չեմ ցանկանում գերագնահատել ինչ-որ մեկի արժանիքները՝ ծանոթ չլինելով մյուսի արժանիքներին»,-ասաց Սաֆարյանը:

Բացի քաղաքապետի փոփոխությունից, Հայաստանում շրջանառվում են լուրեր այլ կարևոր քաղաքական տեղափոխությունների մասին, այդ թվում՝ գործադիր իշխանությունում:--0—