Բլոգերում համեմատաբար խաղաղվել է Երևանի քաղաքապետի հրաժարականի թեման. հիմնական հարցն է՝ իսկ հետո՞

13.12.2010, 20:14
Բլոգերում համեմատաբար խաղաղվել է Երևանի քաղաքապետի հրաժարականի թեման. հիմնական հարցն է՝ իսկ հետո՞
Բլոգերում համեմատաբար խաղաղվել է Երևանի քաղաքապետի հրաժարականի թեման. հիմնական հարցն է՝ իսկ հետո՞

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի շուրջ ծավալված բուռն կրքերը զիջել են ավելի կշռադատված վերլուծությանն ու կանխատեսումներին։

«Ամենից քիչ կցանկանայի քննարկել այն հարցը, թե ինչու են Բեգլարյանի նմաններն իշխանությունում հայտնվել։ Նույնիսկ եթե Կանդայանին ծեծի ենթարկելու մանրամասներն արդեն արդիական չեն։ Հրաժարականը եղավ։ Այժմ հիմնական հարցն է՝ ի՞նչ կլինի հետո։ Ոչ այն իմաստով, թե ով կփոխարինի Բեգլարյանին, այլ այն իմաստով, թե ի՞նչ դասեր ենք քաղել այդ ոչ պատահական, այլ համակարգային պատահարից»,- գրում է mushetsi-ն (http://mushetsi.livejournal.com)։

Բլոգերի կարծիքով, գործն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է, որ Կանդայանը դատարան դիմի։ Բայց եթե գործը միայն հրաժարականով ավարտվի, և տուժածը դիմում չգրի, ապա հասարակական գիտակցության մեջ կամրագրվի իրավական փոխհարաբերությունների ֆեոդալական համակարգը՝ «միապետական վասալի ծեծի համար ներողություններ և նվիրաբերումներ են մատուցվել»։

«Այդ ընկալումը մեկ այլով փոխարինելու մի բացառիկ հնարավորություն կա՝ իրավական պետությունում օրենքի առաջ բոլորն են հավասար։ Ներքին մի զգացողություն ինձ ասում է, որ բանը դրան չի հասնի։ Ափսոս, կուզենայի սխալվել»,- գրում է mushetsi-ն։  

Ուղղակի և բաց է նաև http://cartesius.livejournal.com/ բլոգի հեղինակի տեսանկյունը։ «Մեր խնդիրն այն է, որ բոլորի համար օրենքը կարծես թե գոյություն չունի, հատկապես նրանց համար, ով պարտավոր է այն իրագործել։ Միակ օրենքը չգրված, «հասկացողություններով օրենքն» է։ Եթե նախագահն ունենար ողջ իշխանությունը, ապա կբարձրացներ սպանությունների և ծեծերի մասին հին գործերը, մեղավորներին պատասխանատվության կենթարկեր՝ հասկացնելու համար, որ հանրապետությունում օրենքը դադարել է դատարկ խոսք լինել։ Առայժմ նրա գործողությունները միայն մի բան են հիշեցում՝ չարաճճիություն արեք, բայց չափը մի անցեք»,- գրում է cartesius-ը։

Հեղինակի կարծիքով, օրինականության ձգտումը պետք է գա հասարակության ներսից, իսկ դա կարող է պատահել միայն սարսափելի ցնցումից՝ ծով արյունից և բացարձակ ամենաթողությունից հետո։ «Բեգլարյանի խնդիրն այն չէ, որ նա հարցը բռունցքով լուծեց, այլ որ սխալ մարդու վրա ձեռք բարձրացրեց։ Ըստ էության, սովորական «դիրքի ռազբորկա» է»,- վստահ է բլոգերը։

vozni (http://vozni.livejournal.com/) բլոգերը կարծում է, որ բարու և չարի հավիտենական պայքարը Հայաստանի այսօրվա իրողությունների համատեքստում հետաքրքիր ձև է ստանում, և «անկյունաքար է դառնում արդեն ոչ թե պայքարն օլիգարխների և հանցավոր տարրերի՝ որպես առանձին վտանգավոր անձանց դեմ, այլ ամենաթողության և անպատժելիության փիլիսոփայության տարածման դիմակայությունը»։

«Սպիտակները սկսում և հաղթում են։ Այսպիսին կարող է լինել հայկական քաղաքականության նոր փոփոխությունների կարգախոսը։ Կարելի է կապ տեսնել հայկական պետության առաջին դեմքի՝ շախմատի հանդեպ ունեցած հետաքրքրության հետ, թեև եթե փորձենք նման մի բան տեսնել, ապա հակամարտող կողմերի գուներանգն էլ տեղին կլինի»,- գրում է (http://vozni.livejournal.com/44153.html) հեղինակը։

Մինչդեռ որոշ չարաճճի բլոգերներ զուր տեղը ժամանակ չէին կորցրել և հարցում են նախաձեռնել այն թեմայով, թե հայ պաշտոնյաներից ո՞վ կարող է կիսել Գագիկ Բեգլարյանի ճակատագիրը։ Կամ էլ, ինչպես ասում է հումորի իր զգացումով հայտնի gost_474_90 (http://gost-474-90.livejournal.com/)-ը, «ու՞մ պետք է Կանդայանը հաջորդ անգամ խնդրի մեկ ուրիշ տեղ նստել»։

Հարցման հեղինակը՝ gago_berlin (http://gago-berlin.livejournal.com/) ամենաբացասական քաղաքական գործչի մասին ոչ առանց ծաղրի նշում է, որ ակցիայի նպատակը նախագահի կողմից անբարեխիղճ պաշտոնյաների նկատմամբ սկսած «կոշտ որսին» ու ճիշտ որոշման կայացմանն աջակցելն է։ (http://gago-berlin.livejournal.com/179968.html)։

Հարցման արդյունքներով «սև ցուցակի» առաջին տեղում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, երկրորդ տեղում է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, երրորդ տեղն է զբաղեցնում Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ -0-