Եվրոպայի ղարաբաղյան նվաճումը. շաբաթվա արդյունքները
Հայաստանում նախորդ շաբաթը, որն անցավ ղարաբաղյան խնդրի շուրջ խոսակցություններով, քննարկումներով, բանավեճերով և վեճերով, ուրախացրեց մշակութային ոլորտում ղարաբաղյան հաղթանակով: Տասներկուամյա արցախցի Վլադիմիր Արզումանյանը Հայաստանին առաջին անգամ հաղթանակ բերեց Մանկական Եվրատեսիլի նման հեղինակավոր երգի մրցույթում: Պատանի երգչի հաջողություններում մշակութային-հումանիտար կողմից բացի դժվար է չնկատել բազմաթիվ նշանակալի փաստեր: Նշենք միայն այն, որ «հաղթանակ» բառը Հայաստանում հերթական անգամ ասոցացվում է Ղարաբաղի հետ: Եվս մեկ ոչ պակաս խորհրդանշական իրադարձություն՝ հայ-արցախյան հաղթանակը նվաճվեց հենց Մինսկում, քաղաք, որով կոչվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Չես ցանկանում, բայց ակամայից սկսում ես հավատալ նախանշաններին, այն էլ՝ բարի:
Ողբերգություն ճակատային գծում
Սակայն Ղարաբաղից նախորդ շաբաթ միայն ուրախալի լուրեր չէ, որ գալիս էին: Շաբաթ օրը տեղեկատվություն ստացվեց չորս մարդու մահվան մասին, դեպքը տեղի էր ունեցել ԼՂՀ ՊՆ-ի զորամասերից մեկի կողմից հսկվող առաջնային գծում: Եվս չորս մարդ վիրավորվել է: Նման արտակարգ դեպքերը ղարաբաղյան բանկում, որը միշտ տարբերվում է պատրաստականության բարձրագույն մակարդակով և խստագույն կարգապահությամբ, արտառոց և դատապարտելի դեպք է: Ղարաբաղյան կողմը վճռական է տրամադրված կանխել բանակում գոյություն ունեցող ցանկացած բացասական երևույթ, և դա է պատճառը, որ բոլոր համապատասխան ծառայությունները միջադեպից հետ օպերատիվ կերպով արձագանքեցին: Ընդ որում խոսքը ինչպես հասարակական իրազեկության, այնպես էլ քննչական գործողությունների մասին է:
Մենք օտար հող չենք ուզում, սակայն մերն էլ տալ չենք պատրաստվում
Նոյեմբերի 1-15-ն անցկացված Ղարաբաղի Պաշտպանության բանակի խոշորագույն մարտավարական զորավարժությունները և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարություններն ակտիվորեն քննարկվում էին հայկական փորձագիտական հասարակությունում: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը հայտարարել է, որ հայկական կողմը նախահարձակ չի լինելու, սակայն եթե հակառակորդը պարտադրի, ապա հարվածը կլինի կործանարար և վերջինը: Ադրբեջանական նոր ագրեսիայի դեպքում ղարաբաղյան հարցի վերջնական լուծման անհրաժեշտության մասին թեզը լիովին տրամաբանական է: Ոչ ոք չի պատրաստվում թույլ տալ պատմության կրկնություն՝ «վերքերը լիզելով» և ողջ տարածաշրջանի կայունությանը սպառնացող հակառակորդի ռազմական ներուժի վերականգնմամբ: Հենց սա էր ցանկանում ասել ՀՀ նախագահը:
Իր դիրքորոշումը երկրի նախագահը հաստատեց նոյեմբերի 16-ին ելույթ ունենալով Մոսկվայում տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա-երեկոյին: «Աստված վկա է` հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում, և այժմ էլ մենք նախահարձակ չենք լինելու, բայցև մենք չենք անտեսի մեզ նետված մարտահրավերը: Մենք միշտ ամուր ենք եղել մեր հողի վրա, ամուր ենք այսօր, շատ ավելի ամուր ենք լինելու ապագայում»,- ասաց նա: Նախագահի խոսքերով՝ բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ շարունակվում են, և ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կավարտվեն բանակցությունները:
Առաջին դեմքերը Ռուսաստանի մայրաքաղաքներում
Նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելեցին Ռուսաստան: ՀՀ նախագահն այցելեց Մոսկվա, որտեղ մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա-երեկոյին, որի ընթացքում ավելի քան 8 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերվեց: ՀՀ նախագահը ներկա գտնվեց նաև Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այցի ընթացքում նախագահը հանդիպեց իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ, ով շատ լավ արտահայտվեց հայերի և հայ-ռուսական հարաբերությունների մասին: «Ռուսներին ու հայերին դարերի ընթացքում կապում է անկեղծ բարեկամությունն ու համակրանքը, որոնք հիմնված են միմյանց նկատմամբ հարգանքի վրա: Բարիդրացիական և սերտ համագործակցության ավանդույթները փոխանցվում էին սերնդեսերունդ և նպաստում էին մեր մշակույթների փոխհարստացմանը: Իսկ հարյուր հազարավոր հայերի համար, որոնց թվում շատ են հռչակավոր մարդիկ, Ռուսաստանը դարձավ իսկապես երկրորդ հայրենիքը», - ասել է Մեդվեդևը:
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնականում քննարկեց տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Միաժամանակ ռուսական կողմը Երևանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեց:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախորդ շաբաթվա վերջում մեկնեց Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաք՝ Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի և ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստներին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում քննարկված մի շարք հարցեր բավականին հրատապ էին Հայաստանի համար: Մասնավորապես, խոսքը «Նաիրիտ» քիմիական հսկային մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկի հնարավոր տրամադրման, ինչպես նաև Հայաստանում լուրջ նորարարական նախագծերի իրագործման մասին է: ՀՀ վարչապետն այցելեց նաև Սանկտ Պետերբուրգի Էկոնոմիկայի և ֆինանսների ինստիտուտ, որը նա ավարտել է գերազանցությամբ և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում բացեց հռչակավոր արևելագետ Հովսեփ Օրբելու կիսանդրին, ով Հայրենական մեծ պատերազմի տարիներին փրկել է Էրմիտաժը:
Ճշմարտությունը գինու մեջ է...
Նախորդ շաբաթ Հայաստանում ևս մեկ նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Հանրապետությունը ներառվեց բոժոլե նուվո ֆրանսիական գինու տոնը նշող շուրջ 120 երկրների ցանկում: Հայաստանում միջոցառումն անցկացվում է Ֆրանսիայի դեսպանատան, Բոժոլե առևտրաարդյունաբերական պալատի, «Եվրոպա» հյուրանոցի և «Սաբերատուր Սևան Վոյաժ» տուրիստական գործակալության ջանքերով։
Ամեն ինչ սկսվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտ Լուսինե Արզումանյանի նախաձեռնությունից, ով Լիոնում ուսանելիս համապատասխան նախագիծ էր ներկայացրել: Հայաստանում միջոցառման կազմակերպիչները հույս ունեն, որ տոնը երկրում ավանդական կդառնա:
«Բոժոլե նուվո» տոնը նշվում է 20-րդ դարի կեսերից։ Հասունացման կարճ ժամկետով գինին պատրաստվում է «գամե» խաղողից, որն աճեցնում են Բոժոլեում։Գինին տրվում է հիմնականում մսից պատաստված կերակրատեսակների, այծի պանրի, ծովամթերքի, ձկան, ոստրեի և սուշիի հետ։ -0-

