Հայ ընթերցողը գերադասում է հեքիաթ կարդալ

16.11.2010, 12:18
Հայ ընթերցողը գերադասում է հեքիաթ կարդալ
Հայ ընթերցողը գերադասում է հեքիաթ կարդալ

Հայ գրականության դասականի՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն արդեն մի քանի տարի շարունակ Հայաստանի գրքի շուկայի առաջատարն է։ Սա է վկայում Երևանի երեք խոշոր գրքային խանութներում  «Նովոստի-Արմենիա» գործակալության կողմից անցկացված հարցումը։

Հարցման արդյունքներից երևում է, որ «Նոյան Տապան», «Անի» և «Բուկինիստ» խանութներում հայկական իրականության մասին գեղարվեստական գրականությունն առանձնապես պահանջարկ չունի։

Անհասկանալի պատճառներով, գրքի վաճառքի բոլոր համաշխարհային առաջատարները առանձնապես մեծ արձագանք չեն գտնում Հայաստանում։ Օրինակ, ամերիկացի գրող Սթեֆանի Մայերի «Մթնշաղ» («Сумерки») սիրավեպերի շարքը, որը պատմում է 17-ամյա Բելլա Սվոնի և վամպիր Էդվարդ Կալլենի սիրո մասին։ Ստեղծագործության բոլոր չորս մասերը լավագույն ցուցանիշն են ունեցել վաճառքի առումով՝ 2005-2010թթ.-ին աշխարհում գրքի շուրջ 40 մլն օրինակ է տպագրվել։ «Մթնշաղ»-ը թարգմանվել է 37 լեզվով, բայց հայ ընթերցողի մոտ որոշակիորեն մեծ ճանաչում ձեռք չի բերել։

Ինչպես հաղորդեցին «Նոյան Տապան» գրախանութից, «մթնշաղային շարքի» առաջին գիրքը գոնե ինչ-որ պահանջարկ ունեցել է, ինչն ամենից առաջ բացատրվում էր գրքի գովազդով և դրա սյուժեով նկարահանված ֆիլմի ունեցած մեծ հաջողությամբ, սակայն առաջին գրքի գնորդներից գրեթե ոչ մեկն այդպես էլ դրա շարունակության հետևից չի եկել։

Գրեթե նույն անտարբերությամբ հայ ընթերցողները դիմավորեցին ամերիկացի գրող Ռոբերտ Լադլեմայի՝ ամերիկացի հատուկ գործակալ Ջեյսոն Բորնայի արկածների մասին գրքի շարքը, Դեն Բրաունի սիրավեպերը և շատ այլ համաշխարհային հիթեր։

Վերջին մի քանի տարիների ընթացքում հայ ընթերցողը համեմատական հետաքրքրություն է դրսևորել «սարսափի և թրիլլերի թագավոր» ամերիկացի գրող Սթիվեն Քինգի ստեղծագործությունների և բրիտանացի գրող Ջոան Կ. Ռոուլինգի՝ Հարրի Փոթերի մասին գրքերի նկատմամբ։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում համաշխարհային գրականության երկու կարևորագույն իրադարձությունների՝ Ումբերտո Էկոյի նոր «Պրահայի գերեզմանատունը» սիրավեպի և Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես չեմ եկել, որ խոսեմ» ելույթների ժողովածուի հրատարակման մասին խանութներում նույնիսկ չեն լսել։

Հարցման համաձայն, Հայաստանում ավելի շատ վաճառվում են ռուսերեն թարգմանությամբ արտասահմանյան գրողների ստեղծագործությունները, քանի որ համաշխարհային գրականության նորույթները հազվադեպ են հայերեն թարգմանվում։

Ինչպես ասացին «Անի» խանութում, մարդիկ ավելի շատ գնում են այն գրքերը, որոնք լավ են գովազդվել, բայց հաճախ պատահում է, որ դրանք գրախանութներում չեն լինում։

Հիմնականում, դրանք քաղաքական հետազոտություններն են, Հայաստանի պատմամշակութային հուշարձանների մասին պատմող գիրք-ալբոմները, հոբելյանական հրատարակությունները, որոնք որոշակի պահանջարկ ունեն, բայց դրանք կամ ընդհանարապես վաճառքի չեն հանվում, կամ էլ գրախանութներում են հայտնվում մի քանի ամիս ուշացումով։ «Նոյան Տապան» խանութի աշխատակիցը հայտնեց նաև, որ որոշակի պահանջարկ ունեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գրքերը, բայց դրանք շատ քիչ են։

Բոլոր հարցված խանութների մենեջերների կարծիքով՝ ամենացավալին այն է, որ հայ դասականների ստեղծագործությունները գրեթե ոչ մի պահանջարկ չեն վայելում։

Հայ հեղինակներից նախընտրում են Հովհաննես Թումանյանին, բանաստեղծ Վահան Տերյանին և ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանին։ 

Բոլոր խանութներում այս կամ այն գրքի վաճառքի ծավալի մասին հստակ թվեր տալուց հրաժարվեցին, սակայն միաժամանակ նշեցին, որ Հայաստանում ամենից լավ վաճառվում են  դասագրքերը, բառարանները, մասնագիտական գրականությունը և մանկական գրքերը։

ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալությանը տվյալների համաձայն, վերջին տարիների ընթացքում Հայաստանում հրատարակչության համար տարեկան շուրջ 132 մլն դրամ է հատկացվել (մոտ 360 հազար դոլար), որից 40 մլն դրամը (ավելի քան 109 հազար դոլար) տրամադրել են  հովանավորները, իսկ մնացած 92 մլն դրամը հատկացվել է պետպատվերով։

Այդ ընթացքում Հայաստանում պետպատվերի շրջանակներում ամենատարբեր թեմայով 120-140 անուն գիրք է տպագրվում՝ հոբելյանական, հանրագիտարան, գեղարվեստական, մանկական գրականություն, ժամանակակից և արտասահմանյան բանաստեղծների և գրողների ստեղծագործություններ։ Շուրջ 100 անուն գիրք է հրատարակվել երաժշտական թեմայով։ -0-