Տաթևի վերածնունդը. միջնադարից 21-րդ դար
Աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկումը, որը տեղի ունեցավ հարյուրավոր հյուրերի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ, շաբաթ օրը նշանավորեց «Տաթևի վերածնունդ» լայնածավալ նախագծի մեկնարկը: Հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշքը՝ Տաթևի վանական համալիրը արտաքին աշխարհի հետ կապվեց ինժեներական հրաշքի՝ 5,7 կմ երկարությամբ ճոպանուղու միջոցով: Ճոպանուղու ամենաբարձր կետը գտնվում է 320 մետր բարձրության վրա, այս ինժեներական հրաշքը ստացել է «Տաթևի թևեր» անունը և կառուցվել Որոտան գետի խորը և գեղատեսիլ կիրճի վրայով՝ իրար կապելով Հալիձոր գյուղում և Տաթևի վանական համալիրում գտնվող կայարանները:
Ազգային մրցունակության հիմնադրամի նախագիծ համարվող ճոպանուղու շինարարությունը տևել է 11 ամիս և իրականացվել է Garaventa Doppelmayer Group շվեյցարա-ավստրիական ընկերության կողմից, որը այս ոլորտի համաշխարհային առաջատարն է: Ճոպանուղու կառուցման ընդհանուր արժեքը կազմել է 13 միլիոն եվրո: «Տաթևի թևերի» շնորհիվ 9-րդ դարի վանական համալիրը ողջ տարվա ընթացքում հասանելի կդառնա այցելուների համար: Ճոպանուղու տոմսն արժե 3 հազար դրամ (շուրջ 8,3 ԱՄՆ դոլար), իսկ մոտակա գյուղերի բնակիչների համար ճոպանուղուց օգտվելն անվճար է:
50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը նպատակ ունի համադրել համալիրի վանական և զբոսաշրջային արժեքը` շրջանը գրավիչ զբոսաշրջային ուղղություն դարձնելու համար, ինչը հիմք կլինի համայնքի բարգավաճման համար:
2008 թ.-ին տարբեր ազգությունների և դավանանքի ավելի քան հարյուր անիձնք՝ «Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ» հիմնադրամի հովանու ներքո, համախմբվեցին Տաթևի վերածննդի գաղափարի շուրջ: «Տաթևի վերածնունդ» նախագծի իրագործումը վստահվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին՝ մի կազմակերպության, որը գործում է պետության և մասնավոր հատվածի համագործակցության հիման վրա:
Ծրագիրը նպատակաուղղված է Տաթևի մերձակա շրջանների զարգացմանը, Հայաստանի այդ հնագույն և հեղինակավոր վանական համալիրի հոգևոր, գիտական և մշակութային ավանդույթների երբեմնի համբավի ու փառքի վերականգնմանը:
Ըստ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյասնի՝ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը Հայաստանի հարավի համակողմանի զարգացման ռազմավարության նշանակալի բաղադրիչ է, ինչպես նաև լուրջ ազդակ այս շրջանի տնտեսական, գիտական ու մշակութային կյանքի աշխուժացման համար:
Նախագահը նշեց, որ վերածնված Տաթև նշանակում է վերածնված Սյունիք, ուրեմն նաև` մրցունակ Հայաստան: «Գործող ճոպանուղին կենդանի վկայությունն է այն բանի, որ նույնիսկ ամենաանհավանական թվացող երազները հաստատապես կարելի է իրականություն դարձնել, և բոլոր դժվարություններն աներկբա տեղի են տալիս, երբ կա հստակ նպատակադրում, կա վարակիչ ոգևորություն, կա հավատ, որ ճիշտ ու կարևոր բան ես անում»,- ասել է նախագահը:
Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի խոսքերով՝ հնագույն Տաթևի վանք տանող ճոպանուղու բացումը բարի գործ է, որը կյանքի է կոչվել հավատավոր հոգու կողմից:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հավակնորդ Տաթևի համալիրը Հայաստանի հնագույն և ամենահեղինակավոր վանքերից է և աննախադեպ կարևորություն ունեցող կրթական կենտրոն: Իր ճարտարապետական, պատմական և բնական արժեքների շնորհիվ այն նաև միջոց է` շրջանում զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու համար:
9-րդ դարով թվագրվող Տաթևի վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզում` Գորիսի շրջանում: Վանքը հիմնվել է բարձրաբերձ ժայռերի հրվանդանի վրա: Այն հարավ-արևելքից պաշտպանում Է Որոտանի կիրճը: Դեռևս միջին դարերում Տաթևը Հայաստանի կարևորագույն հոգևոր կենտրոններից էր, որը զգալի դեր էր խաղում երկրի ակադեմիական և հասարակական-քաղաքակաան կյանքում: 1390-1435 թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ:
Տաթևի վանական համալիրն իր մեջ ներառում է երեք եկեղեցի և այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են ճոճվող խաչքարակիր-գավազանը, Գրիգոր Տաթևացու դամբարանը, վանական խուցերը և կենցաղային շինությունները:
Տաթևի մայր տաճարը Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին է: Այն կառուցեվլ է 906 թ.-ին, 1067 թ.` սբ. Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թ. սբ. Գրիգոր եկեղեցին:
Սբ. Աստվածածին դամբարան-եկեղեցում է գտնվում հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթևացու դամբարանը:
Տաթևի վանքը հայտնի է նաև 17-րդ դարի իր յուրատեսակն ձիթհանքով:
Ծրագրի շրջանակներում արդեն ամբողջովին վերականգնվել է ձիթհանքը, որը 17-րդ դարի շինություն է՝ նախատեսված ձեթի արտադրության համար: Ձիթհանքը ոչ միայն պատմական և ճարտարապետական հուշարձան է, այլև թանգարան, որտեղ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ միջնադարյան Հայաստանի մշակութային և խոհարարական ժառանգությանը:--0—

