ՌԻԱՆ մոլորակի եկվորներն ուսանողներ են գերեվարել
Հունիսի վերջը ՌԻԱ Նովոստիի Ամառային դպրոցի անցկացման ավանդական ժամանակն է ԱՊՀ երկրների ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների համար։ Այս տարի դպրոցն անցկացվեց Մինսկում՝ ԱՊՀ մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի օժանդակությամբ։ Բելառուսում հավաքվել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները։ Ներկայացված էր, անշուշտ, նաև ընդունող երկրի ուսանողական պատվիրակությունը։
Ամառային դպրոցի պարապմունքների անբաժան մասն են ստեղծագործական մրցույթները։ Դրան միշտ ամենայն լրջությամբ են վերաբերվում և իրենք՝ ուսանողները, և հեղինակավոր միջազգային ժյուրին։ Այս տարի որոշվել են հետևյալ հաղթողները՝
- «Իր երկիրը և կրթական հաստատությունը լավագույնս ներկայացնելու համար» մրցանակը ստացել է Հայաստանի պատվիրակությունը (Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարան);
- Ամառային դպրոցի պարապմունքների ընթացքում թողարկած լավագույն թերթ է ճանաչվել Բելառուսի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտի հրատարակչությունը;
- Լուսանկարչական մրցույթում առաջին տեղը զբաղեցրել են Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի (Ռուսաստան) ուսանողների աշխատանքները;
- Ամառային դպրոցի մասին լավագույն տեսահոլովակ է ճանաչվել Դոնեցկի ազգային համալսարանի (Ուկրաինա) ուսանողների աշխատանքը։
Սրանք ֆորմալ արդյունքներն են։ Բայց գլխավորն, իհարկե, այն տպավորություններն էին, որով հարստացան Միջազգային ամառային դպրոցի բոլոր մասնակիցները, և ուսանողները, և դասախոսները։ Ահա նրանցից մի քանիսը՝
- Ուկրաինա՝ ՌԻԱ Նովոստի լրագրողների ամառային դպրոցը Նոր Բաբելոն է։
Այստեղ խոսում են ոչ ռուսերեն, ոչ ուկրաիներեն, ոչ հայերեն կամ ղազախերեն, այստեղ խոսում են մարդկային լեզվով։ Եվ դա մեր ընդհանուր հաղթանակն է։
Այսպիսի բազմազգ և ընկերասեր երիտասարդություն մենք պարզապես չէինք տեսել։ Այժմ մենք գիտենք, թե ինչպես են հանգստանում ղազախները, ինչ պարեր է պարում Հայաստանը, ինչ է ուտում և խմում Մոլդովան, որքան քաղաքավարի են ադրբեջանցիները և որքան նուրբ է հնչում մոսկովացի աղջիկների արտասանությունը։ Եվ մենք հասկացանք կարևորը՝ մշակութային, կրոնական, մտավոր և լեզվական տարբերությունները դադարում են նշանակություն ունենալ, երբ փոխըմբռնում է առաջանում։
ՌԻԱՆ մոլորակի եկվորները Բելառուս ժամանեցին քաղաքագետների, հոգեբանների, լրագրողների և լուսանկարիչ-թղթակիցների մի մեծ դեսանտով։ Գրող, լրագրող Լեոնիդ Մլեչինը և հեռուստալրագրող Ալեքսանդր Գուռնովը, քաղաքագետներ Նիկոլայ Զլոբինը և Ալեքսանդր Իսկանդարյանը, ՄՀՄՊԻ PR ամբիոնի վարիչ Վալերի Սոլովեյն ու ՌԻԱ Նովոստիի առաջատար տեսապրոդյուսեր Լարիսա Մոսկվիտինան, ֆոտոլրագրության մետր Բորիս Կաուֆմանը և հայտնի տնտեսագետ Վլադիսլավ Ինոզեմցևը, փորձագետներ Կիրիլ Տանաևը և Ալեքսեյ Վլասովը՝ նրանք բոլորը փորձեցին գրավել ուսանողների հետաքրքրությունը, գրավիչ ձևով նրանց հասցնել իրենց վարպետության կվինտեսենցիան։
Արդյունքներն ամփոփեց ՌԻԱ Նովոստիի (միաժամանակ Ամառային դպրոցի ղեկավար) ԱՊՀ և Բալթիայի երկրների Խմբագրության ղեկավար Ալան Կասաևը Հայաստանի պատվիրակությանը տված հարցազրույցում. «Երբ մարդն աճում է իր շրջապատում, իր ժողովրդի շրջապատում – դա շատ լավ է, բայց դա սահմանափակում է։ Պետք է իմանալ, նայել, ինչպիսին են մարդիկ այլ երկրներում, առավել ևս՝ հարևան երկրներում, առավել ևս, երբ հնարավորություն կա ընդհանուր լեզվով խոսել։ Դրանից պետք է օգտվել։
Հնարավոր չէ լիարժեք մարդ դառնալ, եթե դու կարծում ես, որ քո ժողովուրդն ամենահզորն է և մյուսներից ավելի լավն է։ Այն, անշուշտ, հզոր է, բայց մյուսներն են հզոր են, և պետք է հասկանալ, թե ինչով են նրանք մեծ՝ ինչով է մեծ բելառուս ժողովուրդը, ռուս ժողովուրդը, ղազախ ժողովուրդը...»
«Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի 2011 թվականին մեր դպրոցին միանան Բալթյան երկրների երիտասարդները և վերադառնան Վրաստանի ուսանողները»,- ավարտին ասաց Կասաևը։ Իրենք՝ ուսանողներն, անշուշտ, հրավիրում էին ամենքն իրենց երկիր, բայց համաձայնության եկան, որպեսզի տաք լինի և լողալու հնարավորություն լինի։ -0-
Օլգա Սերովա, ՌԻԱ Նովոստի

