ՄՊՔ-ն Հայաստանում. ընդամենը քննություննե՞ր, թե՞ կյանքի ու մահվան հարց
Հայաստանում ավարտվել է միասնական պետական քննությունների հիմնական փուլը, առջևում երկրորդն է` լրացուցիչը, նրանց համար, ովքեր հարգելի պատճառով չեն մասնակցել առաջին փուլին:
Այս տարին աննախադեպ է նրանով, որ հաշվի առնելով ժողովրդագրական գործոնները` պետական բուհերում հատկացված տեղերի թիվը զգալիորեն գերազանցել է դիմորդների թիվը:
ՀՀ ԿԳՆ տվյալներով` այս տարի 18 հազար դիմորդի բաժին է հասնում 20,5 հազար տեղ, այն դեպքում, երբ նախորդ տարի շուրջ 20 հազար դիմորդի հատկացվել էր 16,5 հազար տեղ:
Հետևաբար, ցանկացած դիմորդ, ով բոլոր առարկաներից նվազագույն անցողիկ ութ բալ է ստացել (քսան բալանոց համակարգով), կարող է իրեն ուսանող համարել: Այլ խնդիր է, որ այս տարի այդքան հեշտ չէր ստանալ այդ անցողիկ բալը` հատկապես հայոց լեզվից, մաթեմատիկայից և ֆիզիկայից:
Ոչ կրթությանը` հանուն կրթության
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարծում է, որ կոշտ մրցությունը նորմալ է և նույնիսկ ավելի արդյունավետ: Նա նշել է, որ երկար տարիներ հանրապետությունում բարձրագույն կրթության գործընթացը չափազանց անարդյունավետ էր այն տեսակետից, որ երիտասարդները, ստանալով բարձրագույն կրթության դիպլոմ, պահանջված չէին աշխատաշուկայում:
«Այսուհետ ավելի մեծ թվով երիտասարդներ կդիմեն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, քոլեջներ: Այնտեղ նրանք կրթություն կստանան ավելի կարճ ժամկետներում, ավելի մատչելի գնով և ավելի մեծ պահանջարկ կունենան աշխատաշուկայում», - ընդգծել է Աշոտյանը:
Նրա գնահատմամբ` եթե զարգացած երկրներում բարձրագույն ուսումնական հաստատության մեկ ուսանողին բաժին է հասնում միջին մասնագիտական հաստատության երեք ուսանող, ապա Հայաստանում հակառակն է` բուհի երեք ուսանողներին բաժին է հասնում միջին մասնագիտական հաստատությունում կրթություն ստացող մեկ ուսանող:
«Սա նոնսենս է», - կարծում է Աշոտյանը: Նա գոհունակություն է հայտնել, որ հայկական հասարակությունն աստիճանաբար կգնա ավելի պրագմատիկ ճանապարհով` գիտակցելով մասնագիտական կրթություն ստանալու կարևորությունը:
Կոռուպցիոն ռիսկերն ավելի ցածր....
ՀՀ ԿԳ նախարարը կարծում է, որ միասնական պետական քննության համակարգի ներդրումը զգալիորեն կրճատել է կոռուպցիոն ռիսկերը: «Իհարկե, միամտություն կլինի ենթադրել, որ կառուպցիան, որպես երևույթ, հանկարծ կվերանա առանձին վերցված ինչ-որ ոլորտից: Կրթական համակարգի ոչ մի արատավոր երևույթ համակարգի ծնունդ չէ: Ինչ որ կա հասարակությունում, նույնը գոյություն ունի նաև մեր ոլորտում», - նշել է Աշոտյանը:
Այնուամենայնիվ, նրա խոսքերով, ՄՊՔ-ի համակարգը կրթության ոլորտն ավելի թափանցիկ է դարձնում, նվազեցնում է կոռոպցիոն ռիսկերը:
...սակայն կրքերը դեռևս եռում են
Իսկ արդյունքները, մեղմ ասած, անսպասելի են: Մաթեմատիկա առարկայից կտրվել է դիմորդների 24,45 տոկոսը, ֆիզիկայից` 27,2 տոկոսը: Ամենամեծ աղմուկը առաջացել էր հայոց լեզու և գրականության առարկաների քննության ժամանակ: Տեքստերի հեղինակներն ու Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավարությունը չէին թաքցնում, որ այս տարի թեստերը բարդ էին: Եվ միաժամանակ հանգստացնում էին հասարակությանը` մտահոգված ծնողների ուշադրությունը կենտրոնացնելով այն բանի վրա, որ եթե թեստերը բարդ են, ապա բարդ են բոլորի համար, և մրցույթը չի տուժի:
«Հայոց լեզվի թեստերը, անկասկած, բարդ էին, սակայն դա ավելի լավ մրցութային պայմաններ է ստեղծում, քան համատարած բարձր բալերը», - նշել է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) ղեկավար Գուրգեն Խաչատրյանը:
Այնուամենայնիվ, ԳԹԿ-ն ու մասնագետները եկան փոխզիջման. հայոց լեզվի գնահատականները բարձրացվեցին մեկ բալով: Արդյունքում` հայոց լեզվի միջին բալը կազմեց 11,4 բալ, իսկ կտրված դիմորդների թիվը` 10 տոկոսից դարձավ 6,8 տոկոս:
«Նախորդ տարի նույն խնդիրն էր` կապված հայոց լեզվի հետ: Իմ կարծիքով` դա պայմանավորված է նրանով, որ մենք առանձնահատուկ պահանջներ ունենք մայրենի լեզվի նկատմամբ: Մանկավարժական մեծ փորձ ունեցող ամեն մասնագետ թեստեր է կազմում` մայրենի լեզվի գիտելիքի մասին սեփական պատկերացումների համաձայն», - ավելացրել է ՀՀ ԿԳ նախարարը` ընդգծելով, որ հաջորդ տարի համապատասխան եզրակացություններ կարվեն:
Ավանդաբար բարձր են օտար լեզուների քննությունների բալերը, մասնավորապես, անգլերենից ստացված բալերը, որի միջին բալը կազմել է 13,3, իսկ դիմորդների 17,2 տոկոսին հաջողվել է ստանալ 17,5 բալից ավելի:
Կրիմինալ ՄՊՔ-ի ժամանակ
ՄՊՔ-ի ժամանակ գրանցվեցին նաև սկանդալներ: Դպրոցը էքստեռնով ավարտելու մասին ՀՀ ԿԳ նախարարի արգելքը շրջանցելու` որոշ դպրոցների տնօրենների փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Շրջանավարտների ընդհանուր թվից 39-ը դպրոցն ավարտել էին էքստեռնով և քննություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել: Բացահայտված իրավախախտումների մասին գործերն արդեն ներկայացվել են ՀՀ Գլխավոր դատախազություն:
Ամենաքիչը, ինչ սպասում է օրենքը խախտող տնօրեններին, խիստ նկատողությունն է: Նրանց մեծ մասը կազատվի զբաղեցրած պաշտոններից, իսկ մի քանիսը կենթարկվեն քրեական պատասխանատվության:
ՀՀ ԿԳ նախարարը կարծում է, որ դպրոցներում կուտակված խնդիրների նման մեծ քանակը պայմանավորված է երկար տարիների ընթացքում ստուգումների բացակայությամբ: Նրա կարծիքով` կրթական համակարգի թիվը մեկ խնդիրը լավ մենեջմենթն է:
Աշոտյանը տեղեկացրել է, որ էքստեռնով դպրոցն ավարտածները, ովքեր, ըստ էության, մեղավոր չեն, հնարավորություն կստանան շարունակել ուսումը 11-րդ դասարանում և ավարտել դպրոցը սահմանված ժամկետներում:
Հոգեբանները խիստ մտահոգված են
ՄՊՔ-ին ոչ պակաս կարևոր կողմն է երիտասարդների հոգեբանական վիճակը, որոնց համար ՄՊՔ-ն կյանքի առաջին լուրջ փորձությունն է: Այն, որ չարժե սարսափազգու երանգ հաղորդել ՄՊՔ-ին, հոգաբեններն ու դասախողները միշտ էլ ասել են: Սակայն մտավախությունները նյութականացվեցին և վերածվեցին SOS ազդանշանի այն բանից հետո, երբ շրջանավարտ Գոհար Մարտիրոսյանն ինքնասպանություն գործեց, ինչպես ենթադրում են, այն պատճառով, որ ցածր բալ էր ստացել հայոց լեզվի քննությունից:
Հոգեբանները կարծում են, որ կրթության կուլտը դրական երևույթ է, սակայն այն երբեմն անցնում է թույլատրելի սահմանները, երբ երիտասարդները, ձախողելով քննությունները, սկսում են մտածել, որ իրենց կյանքն անիմաստ է դարձել:
Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով` այստեղ մեղավորության մեծ մասն ընկած է ծնողների վրա, ովքեր երեխաներին բացատրելու փոխարեն, որ կյանքը չի սահմանափակվում միայն բուհ ընդունվելով, իրենք են ընկնում քննական սթրեսի մեջ և էլ ավելի մեծ խուճապ են առաջացնում երեխաների մոտ:
«Այբ» կետրոնի գլխավոր մասնագետ, հոգեբան Ռուբեն Պողոսյանը քննություն հանձնող դիմորդների մոտ չափից մեծ սթրեսը բացատրում է իրենց գերմոտիվացիայով և գերպատասխանատվությամբ: «Մենք բուհ ընդունվելը համարում ենք կյանքի կարևորագույն նպատակ: Սակայն միաժամանակ սթրեսը շատ ուժ է խլում` անկախ քննությունների արդյունքներից», - ասել է հոգեբանը:
Այնպես է դասավորվել, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը դիտարկվում է որպես գերխնդիր, որպես անհրաժեշտ ատրիբուտ` իրեն հարգող ցանկացած հայկական ընտանիքի համար: Եվ եթե հանկարծ երեխան չի արդարացնում ծնողների հույսերը, այդ փաստը հաճախ ողբերգության է վերածվում: Հասկանալի է, որ մի ժողովրդի համար, ով դարերի ընթացքում գոյատևել է սեփական հոգևոր արժեքների և գրի շնորհիվ, կրթությունը կենսական կարևորություն ունի: Սակայն դա հասնում է նրան, որ ընտանիքը պատրաստ է հրաժարվել հացի վերջին կտորից, միայն թե երեխան կրթություն ստանա: Այդ մարդկանց կարելի է հասկանալ: Սակայն ամեն ինչ լավ է սահմանների մեջ, և երբ հոգատարությունը վերածվում է մոլուցքի, դժբախտությունը սարի հետևում չէ:-0-

