Հայաստանն արդեն իր որոշումը գրեթե ունի. շաբաթվա ինտրիգը
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանն արդեն իր որոշումը գրեթե ունի, անկասկած, կնշանավորի շատ ամիսներ առաջ սկսած գործընթացի ավարտի սկիզբը:
«Մենք այն կներկայացնենք մեր հանրության դատին որոշ ժամանակ հետո, երբ ամբողջովին համոզվենք դրա ճշմարտացիության մեջ: Այսպիսի պարագաներում ամենակարևորը ճիշտ որոշում կայացնելն է», - ասել է Սարգսյանը՝ զանազան մեկնաբանությունների և կռահումների առիթ տալով: Ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին մենք ամենատարբեր մեկնաբանություններ կլսենք պետության ղեկավարի ասածի վերաբերյալ:
Սակայն այս անորոշ ժամանակը երկար չի տևի, քանի որ ենթադրվում է, որ նշված որոշումը կհրապարակվի նախագահի վաշինգտոնյան այցի ժամանակ:
Վաշինգտոնյան հանդիպումների սպասում
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումն, ամեն դեպքում, կկայանա: Սարգսյանն ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի՝ երկկողմ հանդիպում անցկացնելու առաջարկը:
Վաշինգտոնում ապրիլի 12-13-ը կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են նաև Սարգսյան-Օբամա և Էրդողան-Օբամա երկկողմ հանդիպումները: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն որոշել է պարզություն մտցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, որը վերջին ժամանակներում փակուղի է մտել և խճճվել է հայտարարությունների, պահանջների և սպառնալիքների մեջ:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ վաշինգտոնյան հանդիպումները Օբամայի վարչակազմի մտահաղացումն են՝ կողմերի վրա ճնշում գործադրելու և գործընթացի ձախողումը թույլ չտալու համար: «Հնարավոր է՝ ԱՄՆ-ն Թուրքիային կխնդրի Հայաստանի հետ սահմանի մասամբ բացման պես մի բան անել», - ասել է քաղաքագետը: Նրա կարծիքով՝ հենց Վաշինգտոնից է այժմ կախված հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կամ չվավերացումը:
Դաշնակցություն ընդդիմադիր խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր հերթին կարծում է, որ վաշինգտոնյան հանդիպման ժամանակ Էրդողանը կփորձի Հայաստանի նախագահից զիջումներ կորզել՝ նշելով, որ «հանդիպման նպատակն է օրակարգում պահպանել հայ-թուրքական արձանագրությունների հարցը, թույլ չտալ ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանություն բառի օգտագործումը, ինչպես նաև որոշակի առաջընթացի հասնել ղարաբաղյան հարցում»:
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հետ կանչել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից՝ իր հայտարարությունը հիմնավորելով, որ «հայ-թուրքական արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետներն արդեն սպառվել են»:
Պատերազմ չի լինելու
ՀՀ նախագահը Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք չի տեսնում, սակայն «Պաշտպանության նախարարությունը միշտ պետք է ենթադրի, որ վաղը կարող է պատերազմ սկսել, դրա համար էլ այն գործում է առավոտից մինչև երեկո»: Ինչպես ասում են՝ « խաղաղություն ես ցանկանում, պատերազմի պատրաստվիր»:
Նախագահը հավաստիացրել է, որ ադրբեջանական բանակը ոչնչով չի գերազանցում հայկականին, և խուճապի պատճառներ չկան: Նա ավելացրել է նաև, որ պատերազմի վտանգ միշտ կա մինչ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ: Իսկ հակամարտության լուծման հիմնական խնդիրը, ինչպես նշել է Սարգսյանը, ԼՂՀ կարգավիճակի հարցն է:
Սակայն պատերազմի վերսկսման հնարավորությունը բարձր է գնահատում Պաշտպանական մարզատեխնիկական միության նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): «Ադրբեջանի կողմից սպառազինության և ռազմական տեխնիկայի կուտակումը, ինչպես նաև ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները խոսում են այն մասին, որ չի կարելի բացառել ռազմական գործողությունների հնարավորությունը», - ասել է Տեր-Թադևոսյանը՝ ընդգծելով չհարձակման մասին պայմանագրի կնքման անհրաժեշտությունը:
Այնուամենայնիվ գեներալը կարծում է, որ հայկական բանակը բավականին մարտունակ է՝ ադրբեջանական ագրեսիային հակահարված տալու համար:
Խնդրի շուրջ իր դիրքորոշումն է հայտնել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ևս մեկ անգամ նշելով հայկական կողմի դիրքորոշումը: Նա անտրամաբանական է համարել, որ Լեռնային Ղարաբաղի պետք է գտնվի Ադրբեջանի վարչատարածքային ստորադասության տակ, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի տարածքի մաս չի եղել, ոչ այն Ադրբեջանի, որը ստեղծվել է 1918 թ.-ին թուրքական «սվինների» վրա, ոչ էլ այն Ադրբեջանի, որը ձևավորվել է Խորհրդային Միության փլուզման արդյունքում:
Սահակյանը հերթական անգամ ընդգծել է բանակցությունների սեղանին ԼՂՀ-ի վերադարձի անհրաժեշտությունը: Միաժամանակ ԼՂՀ նախագահը միակ ժամանակի հարց է համարում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ճանաչումը:
Ընդդիմության հանրահավաքն անսովոր կազմով
Նախորդ շաբաթ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը տարբերվում էր մնացած հանրահավաքներից իր մասնակիցներով: Պատահական անցորդը չէր կարող միանգամից կռահել, թե ինչ է անում աֆրիկացիների խումբը հայ ընդդիմադիրների շրջանում:
Բանն այն է, որ այդ օրերին Երևանում, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ կոնգրեսի շրջանակներում, անցկացվում էր FIDH-ի համաժողովը, որի մասնակիցները մասնակցում էին ընդդիմության հանրահավաքին: Համաժողովի մասնակիցները հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան՝ ի պաշտպանություն մարտի մեկի իրադարձություններով դատապարտվածների իրավունքների:
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան, մասնավորապես, FIDH-ի նախագահ Սուեր Բելհասենը, իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադին, Քաղաքացիական ազատությունների կազմակերպության (Նիգերիա) նախագահ Իբուչուկուի Օբաբուենի Եզիկեն, Մարդու իրավունքների պաշտպանության ֆրանսիական լիգայի նախագահ Ժան-Պիեր Դյուբուան:
Հանրահավաքի ժամանակ ընթերցվել է մի ուղերձ, որում FIDH-ի կոնգրեսի անունից մասնակիցները կոչ են անում «անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և մարտի մեկի իրադարձությունների արդյունավետ հետաքննություն անցկացնել, որոնք վերաբերում են իշխանությունների կողմից ուժի չարդարացված կիրառման դեպքերին»:
Ինչ վերաբերում է ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ապա նա անդրադարձավ հարցերի լայն շրջանակին՝ սկսած ներքաղաքական և արտաքին-քաղաքական հարցերին ընդհուպ մինչև սոցիալտնտեսական հարցերը: Նախկին նախագահի կարծիքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փոխհամաձայնության են եկել Ղարաբաղի հինգ շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցում:
«Փոխզիջում ասելով՝ ՄԽ համանախագահները ի նկատի ունեն հինգ շրջանները Ադրբեջանին անհապաղ հանձնելը», - ասել է Տեր-Պետրոսյանը: Մնում է միայն գուշակել, թե որտեղից ընդդիմության առաջնորդին նման տեղեկատվություն: Թեև առաջին անգամը չէ, որ ընդդիմության ներկայացուցիչները խոսում են տարածքների շուտափույթ հանձնման մասին և մնում է հուսալ, որ նրանք հերթական անգամ սխալվում են:-0-

