Հայ-թուրքական ընտանեկան խնդիրներ. կհաջողվի՞, արդյոք, հաշվարկով ամուսնությունը
Հայ և թուրք քաղաքագետները և փորձագետները երեքշաբթի վերջապես հնարավորություն ունեցան համատեղ ներկայացնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրենց տեսակետները: Դրա առիթը դարձավ «Նոր աշխարհաքաղաքական իրավիճակ Արևելքում. հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներ և իրողություններ» թեմայով «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած Երևան-Անկարա-Մոսկվա հատուկ տեսակամուրջը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել լրագրողների շրջանում:
Երեք պետությունների մայրաքաղաքների մասնակցությամբ կայացած տեսակամուրջի ընթացքում հայ և թուրք փորձագետները, բնականաբար, չկարողացան զերծ մնալ իրենց տարաձայնությունները ներկայացնելուց այնպիսի արմատական հարցերի շուրջ, ինչպիսիք են, օրինակ, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացումը: Եվ դա չնայած նրան, որ տեսակամուրջը սկսվեց Թուրքիայից հնչող ջերմ խոսքերով. Անկարայի փորձագետները հույս հայտնեցին, որ ջերմ արևն իր շողերը կսփռի հայ-թուրքական արձանագրությունների ու սահմանների բացման գործընթացի վրա:
Վավերացման հարցի շուրջ միակարծիք չէին նույնիսկ թուրք փորձագետները, և եթե Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի տնօրեն Սինան Օհանը կարծում էր, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի արձանագրություններն առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ապա Եվրոպական անվտանգության ակադեմիայի փոխնախագահ, Միջին-Արևելյան տեխնիկական համալսարանի գիտխորհրդի անդամ, պրոֆեսոր Հյուսեյն Բեգջին կարծիք հայտնեց, որ Թուրքիայի խորհրդարանը, ի հեճուկս ամեն ինչի, կվավերացնի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները:
Ընդհանրապես հայ-թուրքական արձանագրություններն ու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները հետաքրքիր համեմատությունների առարկա դարձան. փաստաթղթերը համեմատվեցին նորածին երեխայի հետ, իսկ միջպետական հարաբերությունները՝ հաշվարկով ամուսնության հետ: Ինչ արած՝ աշխարհում շատ ընտանիքներ կան, որոնցում ամուսինները ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, մշտապես միմյանց պահանջներ են ներկայացնում և տարիներով չեն շփվում, իսկ նրանց զավակները մեծանում են անուշադրության մատնված՝ ծնողներից անկախ կյանքով:
Հետևելով այդ համեմատությանը՝ կարելի է ասել, որ Հայաստանն ու Թուրքիան արդեն վաղուց ամուսնալուծության դիմում են ներկայացրել և այժմ փորձում են լուծել ունեցվածքի բաժանման հարցը, սակայն դատավորները (Ռուսաստանը, ԱՄՆ-ն , ԵՄ-ն) կրկին ու կրկին փորձում են հաշտեցնել կռվարար ամուսիններին և վերականգնել ընտանեկան անդորրը: Ամուսիններից մեկի՝ Թուրքիայի փաստաբանը, որի դերը տեսակամուրջի ընթացքում խաղում էին փորձագետները, կրկին չկարողացան չհիշել Թուրքիայի համար երկու առավել բարդ և ոչ շահավետ հարցերը՝ Հայոց ցեղասպանությունն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայոց ցեղասպանության խնդիրն առավել ցավոտ հարց է Թուրքիայի համար, որն ամեն կերպ ժխտում է այդ պատմական փաստը, երբ ХХ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում սրի քաշվեց ավելի քան 1,5 միլիոն հայ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, ապա Թուրքիան ամեն կերպ կապում է Հայաստանի հետ հարաբերությունենրի կարգավորումը դիմակայության կարգավորման հետ՝ փորձելով պաշտպանել Ադրբեջանի շահերը:
Դրա հերթական հաստատումը դարձավ թուրք փորձագետ Սինան Օհանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի որևէ փաստաթուղթ, որում ամրագված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պահանջը: Նման կարծիքի հետ չհամաձայնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ հայ-թուրքական երկխոսության կարգավորման մեջ նախապայմաններ ներմուծելու փորձը կսպանի գործընթացը:
«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանի կարծիքով՝ հայ-թուրքական և ղարաբաղյան գործընթացների շաղկապումը կարող է երկու գործընթացների համար բացասական հետևանքների հանգեցնել:
Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ հայ փորձագետները համակարծիք էին, որ այդ գործընթացն ունի դրական նշանակություն: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բավականին դժվար է լինելու, «սակայն այս անգամ ևս երկու կողմերը կցուցադրեն այդ արձանագրությունների պատրաստման և ստորագրման ժամանակ դրսևորած կամքը»:
Ինչպես համոզված է փորձագետը, այդ կամքի շնորհիվ կբացվի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, ինչպես նաև երկու երկրների միջև կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ:
Նման միակարծություն չդրսևորեցին թուրք փորձագետները. ինչպես համոզված է Սինան Օհանը, հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիային տնտեսական մեծ շահ չի բերի: Ինչպես հիշեցրել է Օհանը, Հայաստանի հետ սահմանակցող Արևելյան Անատոլիայում ավելի շատ զարգացած է գյուղատնտեսությունը, գրեթե բացակայում է արդյունաբերությունը, իսկ Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի գները թուրքականից երկու անգամ ցածր են:
Հարկ է նշել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան էլ միասնական չի գնահատվում նաև Հայաստանում. սոցհարցման վերջին տվյալների համաձայն՝ Երևանում հարցվածների շուրջ 50 տոկոսն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչը նույնական է երկխոսության հաստատման հակառակորդների թվի հետ:
Այսպիսով՝ մեզ մնում է միայն սպասել, թե ինչով կավարտվի Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված երկխոսությունը, կկարողանա՞ն, արդյոք, ամուսինները շարունակել ապրել հաշվարկով ամուսնությամբ և դաստիարակել նորածին զավակին:
Անժելա Օսիպովա, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան -0-

