Վրաստանի նախագահի այցը, բողոքի ցույցերն ու Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ նոր բանաձևը
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նախորդ չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելել էր Հայաստան:
Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում երկու երկրի նախագահներն անդրադարձան երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին:
Մասնավորապես, ՀՀ նախագահը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է կայուն, խաղաղ և բարգավաճ Վրաստանով, «որի հետ մեր երկիրն ունի ոչ միայն ընդհանուր անցյալ, այլև ապագա»:
«Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պետք է միջպետական հարաբերությունները հասցնեն երկու ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամական հարաբերություններին համապատասխանող մակարդակի», - ասել է ՀՀ նախագահը:
Սահակաշվիլին իր հերթին կարծիք է հայտնել, որ Կովկասն ընդհանուր ապագա ունի, որը հիմնվում է այն բանի վրա, որ «ոչ մի արտաքին խաղացող չի կարող թելադրել տարածաշրջանի որևէ երկրի՝ ի վնաս տարածաշրջանի այլ երկրների»:
Վրաստանի նախագահն ընդգծել է, որ անձնական վերահսկողության տակ կվերցնի հայ-վրացական սահմանի հատման պարզեցման հետ կապված հարցերը, որպեսզի «մարդիկ անարգել կարողանան հատել սահմանը»:
«Մենք պետք է հաշվի առնենք նաև երկու երկրի տնտեսական շահերն ու ակնկալում ենք, որ այս ամառ Հայաստանից Վրաստանի սևծովյան ափ կայցելի զբոսաշրջիկների մեծ քանակություն: Մենք կփորձենք անել այնպես, որ նրանց ամառային արձակուրդն անմոռանալի լինի», - խոստացել է Սահակաշվիլին:
Նախագահներն անդրադարձել են նաև ռուս-վրացական հարաբերություններին:
Այց կապակցությամբ ՀՀ նախագահը նշել է, որ ռուս-վրացական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը ելնում է Հայաստանի ազգային շահերից:
Միաժամանակ նախագահ Սահակաշվիլիին տարբեր ձևով են ընդունել հանրապետությունում: Վրաստանի նախագահ Սահակաշվիլու այցի կապակցությամբ Երևանում բողոքի մի քանի ակցիաներ են անցկացվել:
Բանն այն է, որ մի քանի օր առաջ՝ հունիսի 19-ին, վրացի սահմանապահներն առանց պատճառաբանությունների արգելել են իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական-բարեգործական միության նախագահ Շիրակ Թորոսյանին հատել Վրաստանի սահմանը:
Բացի այդ, ակցիայի մասնակիցները բարձրաձայնում էին նաև այլ հարցեր, մասնավորապես՝ ջավախահայերին ճնշելու հարցը:
Թորոսյանն ուղևորվում էր Վրաստան «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահի Վարդան Վարդապետյանի, ՀՀ վարչապետի՝ ԱՊՀ հարցերով նախկին խորհրդական Ստեփան Մարգարյանի և ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ՝ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի առաջարկով՝ Ջավախքի խնդիրների և հայ-վրացական հարաբերությունների քննարկման նպատակով պաշտոնատար անձանց, հասարակական կազմակերպությունների և լրագրողների հետ հանդիպելու համար:
Դեպքի կապակցությամբ Վրաստանի ԱԳ նախարարություն հայց է ուղարկվել, որը, սակայն, անպատասխան է մնացել:
Վրաստանի իշխանությունների գործողությունները դատապարտել են և իշխանության ներկայացուցիչները, և ընդդիմադիր կուսակցությունները:
Թորոսյանը որակել է Վրաստան մուտք գործելու արգելքը՝ որպես հայկական պետականությանը հասցված վիրավորանք: Նա այս միջադեպը կապում է սեփական հասարակական գործունեության հետ, մասնավորապես՝ հայաբնակ Ջավախքի բնակիչների իրավունքների պաշտպանության հետ:
Բացի վերը նշված միջադեպից, բողոքի ակցիայի մասնակիցները, մասնավորապես՝ «Միտք» կենտրոնի ներկայացուցիչներն ու իրենց համախոհները, բարձրաձայնեցին եկեղեցական, մշակութային-կրթական, տնտեսական և լեզվական ոլորտներում Վրաստանի կողմից իրականացվող պետական խտրականական քաղաքականության հետ կապված մի շարք հարցերը:
Եվս մեկ բողոքի ակցիա էր պատրաստել «Դաշնակցություն» կուսակցությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին հավաքվել ծրագրված վայրում՝ Կառավարության շենքի դիմաց:
Այս ամենի արդյունքում բողոքի ակցիան վերածվեց երթի, և նրա մասնակիցները՝ իրավապահ մարմինների ուղեկցությամբ, հասան մինչև կառավարության շենք, որտեղ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ընթերցեց Սահակաշվիլուն հասցեագրված հայտարարությունը:
Նախորդ շաբաթվա նշանակալի իրադարձությունների թվում հարկ է նշել նաև Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում անցկացված հերթական նիստը, որը նվիրված էր Հայաստանում տիրող իրավիճակին:
Հունիսի 24-ն նոր բանաձև ընդունվեց, որի համաձայն՝ երկիրը կշարունակի մնալ մոնիտորինգի տակ:
Այս ամենի կապակցությամբ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնատել ԵԽ-ի, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ի դերը Հայաստանում տեղի ունեցած ողբերգական ներքաղաքական իրադարձությունների հետևանքների հաղթահարման գործում և շնորհակալություն է հայտնել Վեհաժողովին և նրա անդամներին՝ վերջին տարվա ընթացքում Հայաստանի կողմից իրականացրած բարեփոխումներում ակտիվ դերակատարության համար:
«Մենք չենք թաքցնում մեր խնդիրներն ու թերությունները, սակայն մենք ընտրողների կողմից մեզ տրամադրած ժամանակահատվածի ընթացքում հավատարիմ կլինենք ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման գործին: Մենք գործում ենք կոնկրետ քաղաքական համատեքստում և հստակ գիտակցում ենք, որ մեր գործունեությունն անհրաժեշտ է բարելավվել», - ասել է Աբրահամյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է դասեր քաղի 2008թ.-ի մարտյան իրադարձություններից և կյանքը սկսի նոր էջից:
Թեժ բանավեճերի հանգեցրեց ևս մեկ իրադարձություն, որը կապված է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկման հետ:
«Ժառանգություն» խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ քննարկմանն է ներկայացրել երեք հիմնական կետ պարունակող փաստաթուղթ՝ բանաձևում Հայաստանի իշխանությունների նկատմամբ պահանջների ամրագրում, 2008թ.-ի մարտյան իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված անձանց ազատ արձակմանն ուղղված քայլերի կիրառում, փաստահավաք խմբի վերաձևավորում: Պատգամավորը նաև առաջարկել է Հայաստանի հարցով համազեկուցողներին մինչև ձմեռային նստաշրջան մեր երկրի պարտավորությունների մասին նոր զեկույց պատրաստել:
Ավելին, Փոստանջյանը դիմել է ԵԽԽՎ-ում Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ փաստաթուղթը ստորագրելու խնդրանքով, ինչը և նրանք արել են:
Հայաստանի տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ են գնահատում հայ պատգամավորի նման քայլը. որոշները դատապարտում են նրան՝ ընդհուպ մինչև որակելով նրա գործողությունները որպես դավաճանություն, իսկ մյուսներն աջակցում են՝ համարելով, որ այդ խիզախ քայլն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը:
Շողիկ Վարդանյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից: -0-

