Ղարաբաղյան հակամարտության դինամիկայի վրա զգալի ազդեցություն են գործում գլոբալ աշխարհաքաղաքական խաղացողների գործողությունները

12.02.2009, 18:29
Ղարաբաղյան հակամարտության դինամիկայի վրա զգալի ազդեցություն են գործում գլոբալ աշխարհաքաղաքական խաղացողների գործողությունները

Ղարաբաղյան հակամարտության դինամիկայի վրա զգալի ազդեցություն է գործում արտաքին գործոնը՝ գլոբալ աշխարհաքաղաքական խաղացողների գործողությունները, ոչ թե հակամարտող կողմերի փոխհարաբերությունները։

Ընդ որում նման ազդեցությունն իր մեջ ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Դրականն այն է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը ուղղված է ստեղծված ստատուս-քվոյի պահպանմանն ու հակամարտության լարման կասեցմանը։ Մյուս կողմից միջնորդների մակարդակով ներկայացված հիմնական աշխարհաքաղաքական ուժերի (Ռուսաստանի և ԱՄՆ-ի) միջև դիմակայությունը հակամարտության կարգավորման հարցում ընդհանուր հայտարարի գալն անհնարին է դարձնում։   

Այսօր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետագա վարման համար բավականին արդիական է դարձել ռուս-ամերիկյան հարաբերությունների հարցը՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ միջնորդների։ 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամերիկյան սցենարը ի վերջո ենթադրում է Ադրբեջանի մուտքը ՆԱՏՕ։ ԱՊՀ երկրների ինստիտուտի Անդրկովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովի խոսքերով, ԱՄՆ հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլ առ փուլ լուծման օգտին, ինչը ձեռնտու է Ադրբեջանին, սակայն ձեռնտու չէ հայկական ղեկավարությանը։ Ենթադրվում է, որ ԼՂՀ-ն Ադրբեջանին է հանձնում յոթ «օկուպացված» տարածքները՝ չճանաչված հանրապետությունում անկախության մասին հանրաքվե անցկացնելու Բաքվի երաշխիքների դիմաց։ Հետո Ադրբեջանն ու Թուրքիան շրջափակումից ազատում են ԼՂՀ-ն, և հակամարտության գոտի են մտնում խաղաղապահ ուժերը։     

Ռուսաստանի հիմնական շահը տարածաշրջանում կայության ապահովումն ու պահպանումն է։

Ընդ որում դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարում էր, որ Հարավային Կովկասում Ռուսաստանին Միացյալ Նահանգների ախոյան չի համարում։ Բրայզան հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի նկատմամբ սեփական ռազմավարական շահերն ունի, որոնք ԱՄՆ-ն կիսում է կովկասյան իր գործընկերների հետ։ Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը դեմ չէ այդ շահերին՝ դրա տակ մասնավորապես հասկանալով կայունություն Հարավային Կովկասում։ «Ռուսաստանը կայունության հաստատման ուղիներ է որոնում իր հարավային սահմաններին, և մենք կարող ենք համագործակցել այս ոլորտում»,- ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարը։ Ընդ որում նա հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը գլխավոր սկզբունքն է, որի վրա պետք է հիմնվի Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ «ԱՄՆ-ն հստակ սատարում է թե Ադրբեջանի, թե Վրաստանի տարածքային ամբողջականությունը, և սրանում ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է»,- հայտարարեց Բրայզան։     

Արժե համաձայնել, որ կես տարի անց ևս հարավօսական ողբերգությունը դեռևս թարմ է համաշխարհային հանրության, այդ թվում և ադրբեջանական ղեկավարության հիշողության մեջ։ Այդ իսկ պատճառով մոտ ապագայում Ադրբեջանին շահավետ չի լինի ագրեսիա դրսևորել Հայաստանի հանդեպ։ Այս առումով օգոստոս ամսի իրադարձություններն ու դրանց հետևանքները՝ որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների նախադեպ, արդարացնում է իրեն։ Հայ քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանի կարծիքով, «Վրաստանի դասը ցույց տվեց Ադրբեջանին, թե որքան վտանգավոր կարող են լինել Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը։

Օգոստոսյան ռուս-վրացական պատերազմում հանդես գալով Վրաստանի կողմից՝ ԱՄՆ-ն հույս ուներ չեզոքացնել Ռուսաստանի ակտիվությունը տարածաշրջանում։ Սակայն օգոստոսյան պատերազմի արդյունքները կանխատեսել Ամերիկան չկարողացավ։ Ռուսաստանը միակողմանի կարգով ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը։ Հետո կնքվեց Ռուսաստանի կողմից նախաձեռնված Մայնդորֆյան հռչակագիրը։ Որպես նման ակտիվության հետևանք՝ տարածաշրջանում ավելի շատ աճեց ռուսական ազդեցության աստիճանը։  

Արժե ընդունել, որ ԱՄն-ն ու Ռուսաստանը վերջնական արդյունքում իրենց դիրքերն աշխարհում ամրապնդելու նպատակն են հետապնդում։ Սակայն եթե Միացյալ Նահանգների համար կարևոր է ամենուրեք ժողովրդավարություն սփռելու միջոցով ազդել դեռևս ժողովրդավարացմանն անպատրաստ երկրների վրա, ապա Ռուսաստանի համար կարևոր է անվտանգության ապահովումը ռուսական պետության սահմանների երկայնքով ու դրանց ներսում։--0--  

Օլեգ Բարնաշով՝ «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից