ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ. Հայաստանը և Ռուսաստանը կարող են համատեղ դիմակայել համաշխարհային ճգնաժամին

09.12.2008, 12:35
ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ. Հայաստանը և Ռուսաստանը կարող են համատեղ դիմակայել համաշխարհային ճգնաժամին
ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ. Հայաստանը և Ռուսաստանը կարող են համատեղ դիմակայել համաշխարհային ճգնաժամին

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման քննարկումների գլխավոր թեման համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամին դիմակայելուն ուղղված համատեղ միջոցառումների անցկացման հնարավորությունն էր։

Դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության ղեկավարն իր առաջին աշխատանքային այցով ժամանել էր Մոսկվա։ Պուտինի հետ նրա հանդիպման օրակարգը ծավալուն էր, սակայն Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդի մահվան տխուր լուրը զգալի փոփոխություններ մտցրեց այցի ծրագրի մեջ։

Այնուամենայնիվ կողմերը քննարկել են մի շարք հրատապ հարցեր, մասնավորապես, պայմանավորվել են այս շաբաթ անցկացնել երկու երկրների ֆինանսների նախարարների հանդիպում, որի ժամանակ կքննարկվի համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամին համատեղ դիմակայելուն առնչվող հարցը։

«Մենք պայմանավորվեցինք, որ երկու երկրների ֆինանսների նախարարները կհանդիպեն հաջորդ շաբաթ և կշարունակեն հնարավոր համատեղ ֆինանսական ծրագրերի մասին խորհրդակցությունները, որոնք թույլ կտան մեղմել ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացական հետևանքները», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։ 

Հայկական կողմը չափազանց կարևորում է այս հարցի առնչությամբ համատեղ ջանքերի վերաբերյալ իր ռազմավական գործընկերոջ հետ խորհրդակցությունները։

Մասնավորապես, դեկտեմբերի 5-ին երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում ռուսական բանկերի գործունեության, վարկավորման ծավալների աճի, սկսված նախագծերի շարունակության ապահովման հետ կապված հարցերը։

Երևանում կարծում են, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են բոլոր ոլորտներում, և շահագրգռվածություն են արտահայտում ռուսական ներդրումների ծավալների ապահովման գործում։

«Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկությունների թիվը գերազանցում է հազարը, դրանք բավականին դինամիկ և արդյունավետ են զարգանում, և, բնականաբար, մենք շահագրգռված ենք, որպեսզի այդ ներդրումները չկրճատվեն ճգնաժամային դրսևորումների պատճառով», - նշում է ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ Երևանը ձգտում է բարենպաստ պայմաններ ստեղծել այդ ձեռնարկությունների գործունեության համար։

Մոսկվա կատարած այցի ընթացքում հայկական կողմը ռուս գործընկերներին ներկայացրել է համաշխարհային ճգնաժամի ընթացքում հանրապետության կառավարության ռազմավարությունը, որը ենթադրում է ծախսերի կտրուկ աճ ենթակառուցվածքների ոլորտում, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծավալների աճ, ինչը հետաքրքրություն է առաջացրել ռուս գործընկերների մոտ։

Մասնավորապես, Մոսկվայում հանդիպման ժամանակ քննարկվել են նոր հայկական ԱԷԿ-ի և Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանն առնչվող հարցեր։

Խոսելով ԱԷԿ-ի մասին՝ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ռուսական կողմը շահագրգռվածություն է ցուցաբերում այդ հարցում։

«Արձանագրվել է, որ բանակցությունների ընթացքը մեզ ձեռնտու է։ Ռուսական կողմը շահագրգռված է, և, բնականաբար, մենք ակնկալում ենք մեր ռուս գործընկերների մասնակցությունն այդ նախագծի իրականացման գործում», - ասել է Սարգսյանը։

Ինչ վերաբերում է հանրապետության տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող երկաթուղուն, ապա Սարգսյանը ռուս գործընկերներին ներկայացրել է այդ նախագծի իրագործմանն առնչվող գաղափարներն ու ժամկետները։ «Բնականաբար, մենք պատրաստ ենք համագործակցել մեր գործընկերների հետ այդ նախագծի իրականացման գործում», - ավելացրել է նա։

Ամփոփելով ուրբաթ տեղի ունեցած հանդիպման արդյունքները՝ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ռուսական ներդրումները, որոնց կուտակած ծավալն արդեն կազմում է 1,6 մլն դոլար, անվանել է հայկական տնտեսության վերելքի զգալի գործոն։

Պուտինը բավականին օգտակար է համարում Հայաստանում ռուսական խոշոր ընկերությունների գործունեության ընդլայնումը, այնպիսի, ինչպիսիք են Գազպրոմը, ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵէՍ-ը, ՌԵՈՒ-ն, ինչպես նաև որոշ ռուսական բանկեր, մասնավորապես, ՎՏԲ-ն։

«Համատեղ նախագծերի լավ հեռանկարներ են բացվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ՎԷՀ-ը, գունավոր մետալուրգիան, տրանսպորտը, շինարարությունը, բանկային ոլորտը և տեղեկատավական տեխնոլոգիաները»,- ասել է նա։

ՌԴ վարչապետի խոսքերով, երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացման հարցերը գտնվում են ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։

«Միաժամանակ մենք շատ լավ հասկանում ենք, որ ձեռք բերված արդյունքները բոլորովին էլ սահման չեն մեր երկրների համար, և մենք մտադիր ենք զարգացնել մեր փոխգործակցությունը»,- ավելացրել է նա։

Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ վարչապետի հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտի հետագա համատեղ քայլերի հարցը և գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետ կապված խնդիրները։

ՀՀ վարչապետն իր հերթին նշել է, որ հայ-ռուսական տնտեսական և գործընկերային հարաբերությունները կտրուկ ընդլայնվել են, և այսօր չկա կենսագործունեության որևէ ոլորտ, որտեղ չիրականացվեն համատեղ նախագծեր։

«Ակնհայտ է, որ ծանր տնտեսական ֆինանսական օրերին, որն ապրում է համաշխարհային տնտեսությունը, խորհրդակցությունները և նման հանդիպումները չափազանց կարևոր և օգտակար են, քանի որ մենք պետք է համակարգենք մեր գործողությունները, և ակնհայտ է, որ մեզ համար ավելի հեշտ կլինի հաղթահարել այն դժվարությունները, որոնք այսօր կանգնած են մեր տնտեսությունների առջև», – ասել է Սարգսյանը։

Այսօր հայկական շուկայում արդյունավետ գործում է ռուսական խոշոր բիզնեսը՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն, «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵէՍ» ԲԲԸ-ն, «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն, «Ռոսիյսկի ալյումինի» ԲԲԸ-ն, «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն, «ԱՖԿ» ԲԲԸ-ն, «ՍԻստեման» և «ԱԼՌՈՍԱ» ԲԸ-ն։

Երկու երկրների միջև կնքված են ավելի քան 160 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր և համաձայնագրեր՝ ներառյալ 1997 թ.-ի օգոստոսի 29-ին կնքված Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիրը և մի շարք այլ փաստաթղթեր, որոնք կանոնակարգում են Հայաստանի տարածքում ռուսական զորամասերի և զորամիավորումների ներկայությունը։-0-