Իրանի նախագահի այցը Հայաստան շատ հաջող էր, բայց կարճ. ամփոփում

24.10.2007, 12:34
Իրանի նախագահի այցը Հայաստան շատ հաջող էր, բայց կարճ. ամփոփում
Իրանի նախագահի այցը Հայաստան շատ հաջող էր, բայց կարճ. ամփոփում
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ավարտվեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի  երկօրյա պաշտոնական այցը Հայաստան։ Պաշտոնական աղբյուրի համաձայն այն ընդհատվել է Իրանի ներքին գործերի հետ կապված։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կատարել է Հայաստան այցի ծրագիրը, երեքշաբթի տեղեկացրեց Իրանի նախագահի գլխավոր խորհրդական Մոջտամա Սամարե Խաշեմին։

«Իրանի նախագահի հայաստանյան այցի ծրագրի բոլոր նախատեսված կետերը իրագործված են, և իրանական պատվիրակությունը, սահմանված կարգով, վերադառնում է Թեհրան», - ասել է իրանցի պաշտոնյան։

Նրա խոսքերով, իր պաշտոնական այցի երկրորդ օրը Ահմադինեժադը հանդիպել է Հայաստանում իրանական համայնքի ներկայացուցիչներին։

Ահմադինեժադի այցը Հայաստան Իրանի նախագահի պատասխան այցն է։ 2006թ. հուլիսին Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանն աշխատանքային այցով Թեհրանում էր։

Նախագահների առանձնազրույցից հետո կայացել է երկկողմ բանակցություններ՝ արդեն ընդլայնված կազմով, որի ավարտից հետո երկու պետությունների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն այցի արդյունքների վերաբերյալ։

Հայաստանը և Իրանը մտադիր են ընդլայնել երկկողմ համագործակցությունը արտաքին քաղաքականության ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ երկուշաբթի իրանցի իր գործընկեր Մահմուդ Ահմադինեժադի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀՀ նախագահի խոսքերով, կողմերը վճռական են տրամադրված նավթատարի և Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցման հարցում։

Նախագահը տեղեկացրել է, որ սույն նախագծերը գտնվում են տնտեսական հաշվարկման փուլում, քանի որ դրանք պետք է շահավետ լինեն երկու կողմերի համար։ Ռ. Քոչարյանը նաև տեղեկացրել է, որ կողմերը շարունակում են Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը։

«Իրանը Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է, և մենք երկկողմ հարաբերությունների չափազանց հագեցած օրակարգ ունենք», - ասել է նա՝ ավելացնելով, որ համագործակցության զարգացումը առաջնահերթ է երկու կողմերի համար։

Այցի շրջանակներում ստորագրվել են հուշագրեր՝ ՀՀ ԱԳՆ և ԻԻՀ փոխհամաձայնության մասին, երկու երկրների Կենտրոնական բանկերի միջև բանկային վերահսկողության մասին, Զարգացման հայկական գործակալության և Իրանի ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցության կազմակերպության միջև ներդրումային համագործակցության խրախուսման մասին։ Հուշագիր է ստորագրվել նաև հողմաէլեկտրակայանների կառուցման բնագավառում համագործակցության մասին։

Ինչպես է Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքները մեկնաբանել անձամբ Ահմադինեժադը.«Հայաստանը մեծ նշանակություն ունի Իրանի համար, և մենք կարևորում ենք մեր համագործակցության զարգացումը՝ ի շահ երկու երկրների և ողջ Կովկասի», - ասել է նա։

Ահմադինեժադի կարծիքով, հայ և իրանցի ժողովուրդները բարեկամական հարաբերությունների վաղեմի պատմություն ունեն, ինչը թույլ է տալիս խուսափել օտարացումից երկկողմ հարաբերություններում։

ԻԻՀ նախագահը Հայաստանի հետ հարաբերությունները գնահատել է որպես գերազանց, կառուցողական և զարգացող։ «Հայ-իրանական համագործակցության, առևտրատնտեսական կապերի զարգացման և խորացման համար մեծ քայլ է ներկայիս իմ այցը Հայաստան», - ասել է նա։

Այդուհանդերձ, Իրանի նախագահ Ահմադինեժադի Հայաստան այցի  անսպասելի ընդհատումը որոշակի փոփոխություններ մտցրել այցի օրակարգում։

Ահմադինեժադի Հայաստան այցի օրակարգից դուրս է մնացել երեքշաբթի այցը 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթող՝ «Ծիծեռնակաբերդ», ինչպես նաև Երևանի Կապույտ մզկիթ, ինչպես նաև Ահմադինեժադի ելույթը Հայաստանի Ազգային Ժողովում։

Ինչպես  լրագրողներին մեկնաբանեց ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը՝ Ծիծեռնակաբերդ այցը հստակ նախատեսված է եղել, քանի որ այն ամրագրված է պետական պաշտոնական արարողակարգով։

«Առավոտյան իրանական կողմը խնդրեց փոփոխություններ մտցնել Ահմադինեժադի այցի ծրագրում, ինչի արդյունքում հետաձգվեցին նրա այցերը 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթող՝ «Ծիծեռնակաբերդ», Երևանի Կապույտ մզկիթ, ինչպես նաև Ահմադինեժադի ելույթը Հայաստանի Ազգային Ժողովում»,- տեղեկացրել է նա։Այդ կապակցությամբ նա  հիշեցրել է, որ Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին 2004-ի սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցելության ժամանակ այցելեց Ծիծեռնակաբերդ։

Իր հերթին միակ պաշտոնական մեկնաբանությունը կապված Իրանի նախագահի Հայաստան այցի անսպասելի ընդհատման հետ տվել է  Հայաստանի ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը։Նա լրագրողներին հայտնել է, որ դա կապված է Իրանի ներքին գործերի հետ։ «Մեր ղեկավարությանը հայտնվել է մեկնելու պատճառը, որը ոչ մի կերպ կապված չէ Հայաստանի հետ»,-ասել է փոխնախարարը։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ընդհատված այցը Հայաստան չի ազդի երկկողմ բանակցությունների որակի վրա, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։

Վ.Սողոմոնյանի տվյալների համաձայն, այս ամենի պատճառը Իրանում ծագած չնախատեսված հանգամանքներն են, որոնց պատճառով Ահմադինեժադը նախատեսված ժամկետից շուտ ստիպված է եղել վերադառնալ հայրենիք։

Ինքը՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ իր երկօրյա պաշտոնական այցը Հայաստան ավելի երկար տևեց, քան նախատեսված էր։

«Իմ ուղևորությունը Հայաստան ավելի երկար տևեց, քան նախատեսված էր այցի ծրագրով։ Պայմանավորվածություն կար, որ ես Երևան եմ ժամանելու ժամը 22.00, սակայն տարբեր հանդիպումներ կազմակերպելու առիթով այցը երկարաձգվեց մեկ ժամ 50 րոպեով»,- երեքշաբթի Թեհրան ժամանելուն պես լրագրողներին հայտարարել է Ահմադինեժադը։

Նա իր ուղևորությունը Հայաստան բնութագրել է որպես «լավ»։ «Աստված տա, որ մոտ ապագայում մենք դառնանք Հայաստանի հետ երկկողմանի հարաբերությունների ակտիվացման վկաները»,- ասել է Իրանի նախագահը։

Հայաստանում ևս հուսով են, որ Իրանի նախագահի այս այցը վերջինը չի լինի։--0--