Ընտրություններ Լեռնային Ղարաբաղում. առաջատարը հայտնի է

02.07.2007, 14:28
Ընտրություններ Լեռնային Ղարաբաղում. առաջատարը հայտնի է
Ընտրություններ Լեռնային Ղարաբաղում. առաջատարը հայտնի է

 Բազմաթիվ սոցիոլոգիական հարցումների  համաձայն, հուլիսի 19-ին  կայանալիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրությունների անվիճելի առաջատարը ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բաքո Սահակյանն է։

Հայկական մամուլի հավաստմամբ՝ ռեսպոնդենտների ճնշող մեծամասնությունը՝ 75-80%  նրա կողմնակիցներն են։ Մյուս 4 թեկնածուների թվում պատվավոր երկրորդ տեղը զբաղեցնելու առավել մեծ շանսերը՝  իշխանության ներկայացուցիչ, Արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մայիլյանն է։ Հարցումները վկայում են նաև, որ նա այնքան էլ  հետ չի մնում Բ. Սահակյանից և ի վիճակի է հավաքել 10-17%։

 Փորձագետների կարծիքով, Բաքո Սահակյանի ակնհայտ առավելությունը բացատրվում է  մի քանի հանգամանքով. նախ՝ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը, թե իշխանամետ և թե ընդդիմադիր, աջակցում են ԱԱԾ նախկին ղեկավարին։ Երկրորդ՝ Բ. Սահակյանը  շատ ավելի կանխատեսելի քաղաքական գործիչ է, քան նրա մրցակիցները։ Երրորդ՝ նա բավականին հայտնի է Հայաստանի քաղաքական շրջանակներում։ 

Երևանյան «Իրավունք» թերթին տված իր վերջին հարցազրույցներից մեկում  ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ասել էր. «Բաքո Սահակյանի հետ ես շատ վաղուց եմ ծանոթ։ Մենք միասին շատ երկար ճանապարհ ենք անցել։ Եվ ես կարծում եմ, որ նա արժանի թեկնածու է»։ Եվ, վերջապես, առաջատարի նախընտրական ծրագիրը, ի տարբերություն նրա մրցակիցների, բավականին կոնկրետ և իրատեսական է։ Դա հատկապես վերաբերվում է սոցիալական ոլորտին։ Մասնավորապես,  նախատեսվում է բնակելի շենքերի կառուցում (առաջին հերթին, զոհված ազատամարտիկների ընտանիքների համար), զգալի չափով ավելացնել միջին ամսական աշխատավարձը (գրեթե 2-անգամ՝ ավելի քան $300), կենսաթոշակները և նպաստները (2,5 անգամ՝ ավելի քան $100)։Բաքո  Սահակյանն արդեն խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ՝ գործունեության բոլոր ոլորտներում։

Ընդհանրապես, ինչպես հայտարարել է նախագահի թեկնածուն, իր նախընտրական ծրագիրը «հիմնականում ուղղված է ճանաչված պետոոթյան կայացմանը, որտեղ կիշխեն ժողովրդավարությունը, ազատությունը, խաղաղությունը, պետության անվտանգության ապահովումը, հասարակության միասնությունը, մարդկանց համար արժանի կյանք վարելու պայմանների ստեղծումը»:--0--

Արմեն Վարդանյան, քաղաքագետ, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա»