Սկանդալ վարչապետի աշխատակազմի և Մինասյանի միջև. Գևորգյանը մեղադրել է Մինասյանին կոռուպցիայի մեջ, իսկ վերջինս` Փաշինյանին օլիգարխներից գումար հավաքելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Սոցցանցերում սկսվել է իսկական «տեղեկատվական պատերազմ» ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի և երրորդ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի միջև, կողմերը փոխանակվում են կոշտ հայտարարություններով և մեղադրանքներով։
Այս «պատերազմի» սկիզբը Ucom–ի շուրջ մոտ 1 ամիս առաջ ստեղծված իրավիճակն է, որի ֆոնին Գևորգյանը նախօրեին հայտարարեց, որ Մինասյանը կապ ունի ընկերության ներսում տիրող իրավիճակի հետ։
«Գալաքսիի» մեղադրանքները
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը երեքշաբթի հայտարարություն էր տարածել (հաղորդագրությունն ուղարկվել է գործակալությանը), որում, մասնավորապես, ասվում է, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները պահանջում են օտարել Ucom–ն ու հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերությունը։
Դրան ի պատասխան` Գևորգյանը Facebook–յան իր էջում հայտարարեց, որ Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիներին ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն»:
Ավելին, ընդլայնելով Ucom-ի շուրջ ստեղծված իրավիճակի մեղավորների շրջանակը` Գևորգյանը նշեց, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ «Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է»:
Մինասյանը պահանջում է ապացույցներ
Պատասխանելով վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի մեղադրանքներին` Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Facebook–յան իր էջում նշեց, որ Մինասյանը պահանջում է ապացույցներ Ucom–ի ակտիվներում մասնաբաժին ունենալու հայտարարություններին։
«Ինչ վերաբերում է «Յուքոմ» ընկերությունում «ենթադրյալ բաժնեմասի» վերաբերյալ մերկապարանոց և ակնհայտ սուտ հայտարարությանը, լիազորված եմ հայտարարելու, որ եթե օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով հաստատվի, որ Միքայել Մինասյանը երբևէ որևէ սեփականատիրական առնչություն է ունեցել «Յուքոմ» ընկերությանը, ապա նշված բաժնեմասն անմիջապես կնվիրաբերվի «Իմ քայլը» հիմնադրամին», – գրել է նա։
Փաստաբանը վստահեցրել է, որ Մինասյանը երբեք կապ չի ունեցել Ucom ընկերության հետ։
Մամուլի քարտուղարի նոր մեղադրանքները
Հետո Գևորգյանը կրկին Facebook–ի միջոցով գրեց, որ ամբողջացնում է թեման։
Նրա խոսքով, Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։
Գևորգյանը նշել է, որ այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։
«Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ», – գրել է Գևորգյանը։
Մինասյանը պատասխան է պահանջում Փաշինյանից
Մինասյանի արձագանքը չուշացավ։ Արդեն չորեքշաբթի առավոտյան նա հայտարարեց, որ «Նիկոլ Փաշինյանը գողացել է իր խոսնակի ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը և խոսնակի անունից է փորձում «օպերատիվ արձագանքել»»։
Նա նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ պատասխան է տալու։
Նա հիշեցրել է Փաշինյանին իշխանությունը պահելու դիմաց արցախյան գաղտնի բանակցություններում փուլային տարբերակին համաձայնելու և ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու նախնական պայմանավորվածություն ձեռք բերելը:
Բացի այդ Մինասյանը մեղադրել է Փաշինյանին օլիգարխներից փող վերցնելու և նրանց «օրինապաշտ գործարար» դարձնելու համար, «պետբյուջեից մի քանի տասնյակ միլիոն դոլար բացեիբաց գողանալու և հավելավճարների ու պարգևավճարների տեսքով իր հետ քայլածներին բաժանելու համար»:
Մինասյանի խոսքով, վարչապետն անգամ «համաճարակի ժամանակ դիմել է հանցավոր անգործության, կառավարչական անփութության, մսխել է պետական միջոցները և գողացել, թաքցրել հիվանդության տարածման ծավալն ու վիրուսից մահերի փաստերը»:
Մինասյանի քննադատություններն իշխանության հասցեին
Մինասյանն իր հոդվածներում պարբերաբար քննադատում է Փաշինյանի կառավարությունը հստակ քաղաքականության բացակայության և վարչապետի թիմի անձնական հավակնությունների համար։ Մասնավորապես, ապրիլի 25–ին Մինասյանը հոդված հրապարակեց Aravot.am–ում, որում վարչապետին մեղադրեց առասպելներ ստեղծելու մեջ 1999թ.–ի հոկտեմբերի 27–ի իրադարձությունների շուրջ (ահաբեկչություն ԱԺ–ում), 2008թ.–ի մարտի 1–ի իրադարձությունների շուրջ, երբ Երևանում տեղի ունեցան բախումներ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության և ոստիկանության մեջ, ինչպես նաև 2016թ.–ի ապրիլյան պատերազմի իրական իրադարձությունների շուրջ։ Նախկին դեսպանը նշել էր, որ կառավարության անփութության պատճառով զրոյի հավասարվեցին նախկին իշխանությունների բոլոր ձեռքբերումները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։
Անօրինական հարստացման մեղադրանքներ և հետախուզում
Միաժամանակ ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Միքայել Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ։
Գերատեսչությունից հայտնել են, որ կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա որոշում է կայացվել Միքայել Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Մարտի 23–ին որոշում է կայացվել Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:–0–
