Նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը
14.11.2015,
09:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը։
- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան հնարավորություն տվեց կրկին սահմանել Մոսկվայի դիրքորոշումը մի շարք հարցերում։ Մասնավորապես, Լավրովն ընդգծեց, որ Ռուսաստանը կշարունակի կոնսենսուսի որոնումը ղարաբաղյան կարգավորման հարցում։ Նա նաև խորհուրդ տվեց ԵԽԽՎ–ին չմիջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին մեղադրեց ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով զեկուցողին կողմնակալության մեջ։ Ավելի ուշ ՌԴ արտգորնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ընդգծեց, որ Ռուսաստանը որևէ բան չի անում, ինչը կարող էր վնասել ղարաբաղյան հակամարտության կողմերին։
- Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկի տարեց բնակչուհին, ով մի քանի օր առաջ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ վերադարձել է Հայաստան։
- Նոր զոհեր Ղարաբաղում. հինգշաբթի երեկոյան Ադրբեջանի կողմից արձակած կրակոցների հետևանքով սահմանին երկու զինծառայողներ են զոհվել։ Միջադեպի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հատուկ հայտարարություն` դատապարտելով Ադրբեջանի գործողությունները, որոնք «ահաբեկչական բնույթ են կրում»։
- Հայտնի թատերական քննադատ Լևոն Մութաֆյանի անսպասելի մահը ցնցեց հասարակությունը։ Թատերագետը մահացավ բավականին անսովոր հանգամանքներում, նրա մարմինը գտան հյուրանոցային համարի լոգասենյակում, ուր նա գնացել էր ցնցուղ ընդունելու համար և նշել, որ իրեն վատ է զգում։ Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն` նշելով, որ դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
- Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կդառնա Բելգիայի Թագի շքանշանի կոմանդոր։ Թագի շքանշանը Բելգիայի թագավորական պետական մրցանակ է։ Թագի շքանշանով պարգևատրում են Բելգիայում գեղարվեստական, գրական կամ գիտական ոլորտում, կոմերցիոն կամ արդյունաբերական վաստակի համար։ Թագի շքանշանով պարգևատրում են նաև օտարերկրացիներին, այն հաճախ հանձնվել է Բելգիայում հավատարմագրված օտարերկրացի զինվորականներին և դիվանագետներին։ Թագի շքանշանով կոմանդորի և ավելի բարձր դասի պարգևատրման որոշումը հաստատվում է նախարարների կաբինետի կողմից։–0–

