Լավրովը խորհուրդ է տվել ԵԽԽՎ–ին չմիջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

09.11.2015, 19:01
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսում խորհուրդ է տվել ԵԽԽՎ–ին չմիջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Լավրովը խորհուրդ է տվել ԵԽԽՎ–ին չմիջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսում խորհուրդ է տվել ԵԽԽՎ–ին չմիջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։

ԵԽԽՎ քաղաքական հարցերով կոմիտեն նոյեմբերի 5–ին քննարկել է Ռոբերտ Ուոլթերի (Մեծ Բրիտանիա) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցի նախագիծը և ընդգրկել է այն հունվարյան նիստի օրակարգում։

«Համանախագահների անունից կցանկանայի ասել, որ մենք` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն հաստատակամ դեմ ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը հետևողական, գործնական և համբերատար երկխոսության փոխարեն, քանի որ հարցն իսկապես բարդ է և երկար պատմություն ունի, այդպիսի երկխոսության փոխարեն, դուրս բերվի տարբեր միջազգային այն հարթակները, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում, այնուամենայնիվ, այդպիսի հանձնարարություն նրանց միջազգային հանրության կողմից ոչ ոք չի տվել»,– ասաց Լավրովը։

Նախարարը նշեց, որ համանախագահներն աշխատում են երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա, որոնց հավանություն է տվել ՄԱԿ անվտանգության խորհուրդը, և այդ եռյակը ղարաբաղյան կարգավորման լիազոր մարմինն է։

«Ցանկացած կտրուկ ծայրահեղական գործողություն, ով էլ որ դա նախաձեռնի, միայն վնասում են գործին և համանախագահների աշխատանքին, ովքեր շատ ակտիվ և հրապարակային են աշխատում և մշտական կապի մեջ են կողմերի հետ ինչպես նախարարների, այնպես էլ հատուկ ներկայացուցիչների մակարդակով»,– ասաց Լավրովը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:   

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:  

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-