Ի՞նչը ստիպեց Ռոգոզինին ջնջել սեփական գրառումն Ադրբեջանին զենք մատակարարելու մասին
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աննախադեպ սրման հետ մեկտեղ թեժացավ նաև տեղեկատվական պատերազմը համացանցում։
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Facebook սոցցանցում գրառում կատարեց պաշտոնական Բաքվին զենք մատակարարելու մասին։ Այդ գրառումն արժանացավ քննադատության մեծ ալիքի ինչպես հայ, այնպես էլ ռուս օգտատերերի կողմից։
«Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին որպես իր ռազմավարական գործընկերոջ` առկա պայմանագրերին համապատասխան։ Ամեն ինչ պայմանագրերին համապատասպան է։ Երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են», – գրել էր Ռոգոզինը։
ՌԴ–ն կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին. Ռոգոզին>>
Օգտատարերի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ռուսական ջանքերի ֆոնին` նման հայտարարությունները սադրիչ են և չեն նպաստում հակամարտության կարգավորմանը։ Քննադատությունների ուժգին ալիքից հետո Ռոգոզինը սոցցանցից ջնջեց իր գրառումը։
Վտանգավոր շատախոսությու՞ն, թե՞ Կրեմլի մոտեցման վերանայում
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով` Ռոգոզինի վարքն ունի երկու հնարավոր բացատրություն։
«Կամ նա, ինչպես հաճախ լինում է, չափազանց շատախոսեց սոցցանցերում և ոչ հարմար պահի արտահայտվեց այն մասին, ինչի մասին շատերը կռահում էին, այն է, որ Ռուսաստանը կշարունակի սպառազինել Ադրբեջանին Հայաստանի դեմ։ Հայ հասարակության շրջանում այսօր տիրող չափազանց հուզիչ մթնոլորտում Ռոգոզինի միայն այս հայտարարության հետևանքով պակասեց Հայաստանում և սփյուռքում ռուսամետ մարդկանց թիվը», – հայտարարեց փորձագետը։
Նա նաև ենթադրում է, որ Կրեմլում, այդուհանդերձ, որոշեցին փոքր–ինչ վերանայել Բաքվի նկատմամբ իրենց մոտեցումները և կասեցնել հարձակողական սպառազինության մատակարարումը։
Թուրքիայի դաշնակցին սպառազինելն անհեթեթություն է
Լրագրող, քաղաքական տեսաբան Հայկ Խալաթյանն իր հերթին ցավալի է համարում, որ ՌԴ փոխվարչապետը չի գիտակցում «գործընկեր» և «դաշնակից» եզրույթների տարբերությունը։
«Այդ պատճառով ինձ համար անհեթեթ է, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, որում հայտնվել է Ռուսաստանը, հայտնվում են նման բարձրաստիճան ռուս պետական գործիչներ, ովքեր նորմալ են համարում Թուրքիայի դաշնակցին` Ադրբեջանին սպառազինելը` տարածաշրջանում Ռուսաստանի միակ դաշնակցի դեմ», – ասաց Խալաթյանը:
Նա տարօրինակ է համարում այն, որ Ռոգոզինի համար Հայաստանը, որը ՀԱՊԿ–ի անդամ է, Ռուսաստանի դաշնակիցն ու ԵՏՄ անդամ, գտնվում է միևնույն հարթակի վրա, ինչ Ադրբեջանը, որը խուսափում է Ռուսաստանի հետ ցանկացած տեսակի ինտեգրումից։
Խալաթյանը նաև հիշեցնում է, որ Ադրբեջանը մասնակցում է հակառուսական ուղղվածություն ունեցող արևմտյան բոլոր նախագծերին, որոնք կոչված են թուլացնելու Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգետիկ պաշարներից։ Ադրբեջանը նաև ԳՈՒԱՄ–ի նման կազմակերպությունների անդամ է, որոնք կոչված են թուլացնել ռուսական ազդեցությունը հետխորհրդային տարածքում։
Հարց է ծագում. ի՞նչ է հետևելու այս ամենին։ Եվ կա՞, արդյոք, իրական հույս, որ լարվածության աճը կթուլանա և՛ ղարաբաղյան հակամարտության գոտում, և՛ սոցցանցերում։ –0–

