Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների ոսկե մեդալակիր
25.08.2026,
10:28
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահեց 112, 119 և 122 կգ, փոխանցում է Ծանրամարտի ֆեդերացիան։
Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում Ավետիսյանը գլխավերևում պահեց 140 և 146 կգ։ Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է։
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։

