Սարավին մեղավոր չէր, մրցավարների մեղքն էր․ Արթուր Ալեքսանյանը՝ օլիմպիական եզրափակիչ գոտեմարտի մասին

12.08.2024, 23:22
Արթուր Ալեքսանյանը «Զվարթնոց» օդանավակայանում մեկնաբանել է օլիմպիական եզրափակիչ գոտեմարտը
Սարավին մեղավոր չէր, մրցավարների մեղքն էր․ Արթուր Ալեքսանյանը՝ օլիմպիական եզրափակիչ գոտեմարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ գոհ չէ արծաթե մեդալից և հույս ունի, որ գոտեմարտի արդյունքները կվերանայվեն։

Նշենք, որ օգոստոսի 7-ին օլիմպիական խաղերի բազմակի մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճեց արծաթե մեդալ՝ օլիմպիական ոսկու համար պայքարում 1։4 հաշվով զիջելով 2020 թվականի խաղերի բրոնզե մեդալակիր, իրանցի Մոհամմադհադի Սարավիին։ 

«Հիասթափության առումով չեմ կարող ասել, բայց․․․չգիտեմ։ Կարծում եմ՝ հույս կա, որ բողոքարկումն ինչ-որ բան կփոխի։ Նման պրակտիկա եղել է, բայց ոչ Օլիմպիական խաղերում, այլ նախորդ տարվա Աշխարհի առաջնությունում։ Այստեղ Սարավին մեղավոր չէր, մրցավարների մեղքն էր։ Սարավիի հետ ընդհանրապես ոչ մի խնդիր չկա», – ասաց Ալեքսանյանը։

Այսօր ավելի վաղ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողներին հայտարարել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի կապակցությամբ։

«Առավել քան վստահ ենք՝ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտում չէր պարտվի, հատկապես որ դրանից հետո որևէ միավոր չի եղել, որևէ գործողություն չի եղել: Պայքարելու ենք մինչև վերջ, հույսեր ունեմ, որ ազնիվ կգտնվեն և արդարությունը կվերականգնվի»,- ասել է Գիլոյանը: