ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի կապակցությամբ

12.08.2024, 19:32
ԿԳՄՍ փոխնախարարը նշել է, որ պայքարելու են մինչև վերջ
ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն անդրադարձել է Փարիզի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի՝ իրանցի ըմբիշի հետ եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման ընթացքին:

Նշենք, որ օգոստոսի 7-ին օլիմպիական խաղերի բազմակի մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճեց արծաթե մեդալ՝ օլիմպիական ոսկու համար պայքարում Սարավիին 1։4 հաշվով զիջելով 2020 թվականի խաղերի բրոնզե մեդալակիր, իրանցի Մոհամմադհադի Սարավիին։

«Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է՝ նշելով, որ մրցավարները ճիշտ են դատել: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, կցելով ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին: Առաջին արձագանքը հետևյալն էր՝ «Ի լրումն ուղարկեք, թե որ դրվագում կոնկրետ ինչն է բողոքարկվում»: Առաջիկա մեկ-երկու օրերին հավելյալ փաստեր կուղարկվեն բողոքարկման հանձնաժողով», – ասել է Գիլոյանը։

Նա նշել է, որ ունեն տեսագրություններ, որտեղ նույն դրվագի համար՝ այլ գոտեմարտում, գորգից դուրս եկողին զգուշացրել են, իսկ հակառակորդին տվել են միավոր:

«Այսինքն՝ ունենք փաստ, որ Արթուր Ալեքսանյանի դեպքում եղել է ճիշտ հակառակ վերաբերմունք: Առավել քան վստահ ենք՝ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտում չէր պարտվի, հատկապես որ դրանից հետո որևէ միավոր չի եղել, որևէ գործողություն չի եղել: Պայքարելու ենք մինչև վերջ, հույսեր ունեմ, որ ազնիվ կգտնվեն և արդարությունը կվերականգնվի»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Հայաստանի Օլիմպիական հավաքականը մեդալներ նվաճած 91 հավաքականների շարքում 66-րդն է` 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով։ Հայաստանի ներկայացուցիչներից ՕԽ փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մարմնամարզիկ Վահագն Դավթյանն ու ծանրորդ Վարազդատ Լալայանը, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Հատկանշական է՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկում 5-րդն է: